Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Փաշինյանի «վերջ թավիշին» հայտարարությանը, նշեց, որ ինքը դեռ չգիտի՝ իրականում այդ թավիշին վերջ է դրվելու է, թե ոչ, քանի որ ցանկությունները և հայտարարությունները մի բան են, իսկ գործնականում չենք հանդիպում այդ իրողություններին։
«Մյուս կողմից ուզում եմ ասել, որ ես սա դիտում եմ որպես ժողովրդի ներողամտություն, որ բացարձակ գնահատականի արժանացավ, կանգնեց իր կողքը, եկավ Հանրապետության հրապարակ, Նիկոլ Փաշինյանը սա շատ բարձր պետք է գնահատի և իր խոնարհումը այդպես պետք է արտահայտի։ Նա պետք է խոնարհված մնա ժողովրդի առաջ՝ կատարելով այն բոլոր խոստումները, որոնք չի կատարել։ Ես նկատի ունեմ՝ առաջին հերթին ուշադրություն ժողովրդի նկատմամբ, և ոչ թե պետք է ընդունի բողոքող զինծառայողների հարազատներին և նրանց խոստումները չկատարի, նա առաջին հերթին պետք է մարդ լինի, միայն մարդ պետք է տեսնի դիմացինի մեջ, և այսօր պետք է գնա, երկար մտածի տեղի ունեցածի մասին։ Նիկոլի համար սա մի ամբողջ կյանք արժեր, և նա երբեք հասարակության այս աջակցությունը չպետք է մոռանա»,- ասաց Ալեքսանյանը։
Հարցին՝ նախկինների վերադարձի վտա՞նգը հանրությանը ստիպեց հավաքվել Հանրապետության հրապարակում, իրավապաշտպանը նշեց, որ ժողովուրդը մերժել է 30 տարվա սուտը, կեղծիքը, և դա մերժել է ամենայն խորությամբ և հավատացել է Նիկոլ Փաշինյանին, և չի կարելի այդ մարդկանց վստահությունը չարաշահել․ «Եվ ժողովուրդը ևս մեկ քայլ արեց իրեն պաշտպանելու, նրա կողքին լինելու՝ որպես իր ընտրած առաջնորդ։ Եվ այս նույն ժողովուրդը, եթե Նիկոլն իր թավիշի վերջ տալու խոստումից շեղվի, միաբերան իր հրաժարականն է պահանջելու, և այդ ժամանակ ինքը սուսուփուս հեռանալու է»,- նկատեց իրավապաշտպանը։
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում