Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում. ՌԱԿ

Փետրվար 26,2021 09:47
rak

Տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան ծանր ներքաղաքական ճգնաժամի ճիրաններում: Ամենատարբեր ձևաչափի քաղաքական, հասարակական և պետական կառույցների կողմից կատարվող, երբեմն իրարամերժ քաղաքական բնույթի հայտարարություններն է՛լ ավելի են խորացնում առկա ճգնաժամը և ստեղծում գերլարված քաղաքական իրավիճակ, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի բռնկումը՝ վտանգելով մեր պետականության հիմքերը:

Ակնառու է, որ այս իրավիճակում ներկա իշխանությունները, որոնք դիվանագիտական և ռազմական պարտության մեջ ունեցան օբյեկտիվ և սուբյեկտիվ ձախողումներ, արդեն տևական ժամանակ է, չեն կարողանում հանգուցալուծել ստեղծված քաղաքական ճգնաժամը, և հետևաբար չեն կարող շարունակել երկիրը կառավարել մինչև իրենց գործունեության օրինական ժամկետի ավարտը:

Ռամկավար Ազատական կուսակցությունը, բացառելով իշխանափոխության հակասահմանադրական ճանապարհը, կոչ է անում վերջ տալ ներքին թշնամանքին, ջուր չլցնել արտաքին թշնամիների ջրաղացին, այլ համախմբվել ու մեր առաջ ծառացած ճգնաժամը լուծել միայն ու միայն սահմանադրական ճանապարհով, քաղաքական քննարկումների միջոցով, համազգային համերաշխության պայմաններում՝ զերծ պահելով մեր ժողովրդին ազգակործան ցնցումներից:

Ելնելով այս ծանր կացությունից՝ Ռամկավար Ազատական Կուսակցությունը հորդորում է բոլոր կողմերին՝ չանցնել կարմիր գծերը, հանդես բերել զսպվածություն, ճգնաժամը լուծել բոլոր կողմերի հետ քաղաքական բանակցությունների միջոցով, քանզի գլխավորը մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն է:

Ստեղծված քաղաքական, սոցիալական անկայուն իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն գործող կառավարությունն է և երկրի վարչապետը, ուստի պահանջում ենք կառավարության և վարչապետի հրաժարականը և սահմանադրական ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, որը միաժամանակ կդառնա յուրօրինակ վստահության հանրաքվե և կարտահայտի ժողովրդի համամասնական կարծիքը քաղաքական տարբեր ուժերի հանդեպ:

Աստված պահապա՛ն Հայաստանին, Արցախին և ողջ հայ ժողովրդին:

 

Ռամկավար Ազատական կուսակցության

կենտրոնական վարչություն

 

 

ՌԱԿ ատենապետ`                                     Հրաչյա Կարապետյան

 

 
ՌԱԿ ատենադպիր`                                     Հովիկ Կարապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728