Մարտի 1-ին տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթը, որին մասնակցելու համար դիմել է վեց թեկնածու` վեցն էլ նույն համալսարանից՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգև Բալջյանը, պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:
Նրանցից Դավիթ Ղազարյանը, սակայն, հայտարարում է, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման կարգը չի պահպանվում: «Փորձ է արվել թեկնածուների համար ստեղծել ոչ հավասար պայմաններ եւ հնարավորություն չտալ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ծանոթանալ բոլոր թեկնածուների ներկայացրած՝ համալսարանի զարգացման հայեցակարգերին»,- պնդում է Դավիթ Ղազարյանը:
Քվեարկությունը կայանալու է 2021 թվականի մարտի 1-ին։ Իսկ ըստ կանոնակարգի՝ խորհրդի քարտուղարը ընտրության օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ հավակնորդների ցուցակը պետք է ներկայացներ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն այն տրամադրվել է ընդամենը 3 աշխատանքային օր առաջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում