Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտնչող դիլետանտիզմի աղետը

Փետրվար 26,2021 10:00

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. ես ԿԳՄՍՆ չինովնիկին (որն ունի, ասենք, պոլիտեխնիկական կրթություն) բացատրում եմ սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը՝ այդ հարցը ես տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել եմ կոնսերվատորիայում սովորելիս եւ հետո: Պաշտոնյան կարող է արձագանքել երկու ձեւով: Առաջին. նա ուշադիր ինձ լսում է՝ իր նոթատետրում նշումներ է անում, որոնք հաշվի է առնում այդ հարցով որոշում ընդունելիս: Այդ դեպքում նրան կարելի է անվանել պետական մտածելակերպ ունեցող պաշտոնյա: Երկրորդ.. նա ոտքերը խփում է գետնին եւ բացականչում. «Կորի՛ր աչքիցս, ես ամեն ինչ քեզնից լա՛վ գիտեմ եւ որոշում եմ կայացրել 90 տոկոսով կրճատել ջութակների քանակը»: Այդ դեպքում նրան կարելի է կոչել ռուսական շատ իմաստալից, դիպուկ բառով՝ «սամոդուր»:

Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ՝ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով եւ կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով եւ սուր հարցադրումներով հոդվածներ գրել: Բայց երբ ամբողջ պետության (մանավանդ մեր նման փոքր, փխրուն, դեռեւս չկայացած պետության) ճակատագիրը քո ձեռքում է, այդ գիտելիքները խիստ անբավարար են, եւ սեփական ամբիցիաներով ու պատկերացումներով առաջնորդվելը, ինչպես տեսնում եք, կործանարար է:

Ողբերգությունն այն է, որ անգամ կործանումից հետո Փաշինյանն այնքան է տարված իր անձով եւ իր աթոռով, որ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, եւ «թավիշին վերջ տալու» մասին է խոսում: Իբր ծեծուջարդով կամ բռնաճնշումներով հնարավոր է այս ճգնաժամը հանգուցալուծել:

Պատահական չէ, որ մարտնչող տգիտության եւ դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաեւ զինվորականները: Նախ՝ այս իշխանության բոլոր ձախողումներից ամենաշոշափելին ռազմական պարտությունն է, որի գլխավոր պատճառներից կարեւորը վարչապետի «նապոլեոնական» հակումներն են. նա իրեն խոշոր զորավարի տեղ էր դրել եւ պատերազմի ժամանակ, ի հեճուկս ռազմական մասնագետների զգուշացումների, մեկը մեկից «փայլուն» որոշումներ է ընդունել՝ որոշումներ, որոնք շատ դեպքերում հանգեցրել են քաոսի:

Բանակի սպաները վրդովված էին նաեւ իշխանության կողմից տարածվող այն քարոզչական թեզից, թե իբր Փաշինյանը ոչ մի բանում ոչ մի մեղք չունի, իսկ պարտության պատճառը զինվորականների դավաճանությունն էր: Դա երբեմն ասվում է ուղիղ տեքստով, երբեմն՝ ակնարկներով, բայց բոլոր դեպքերում նման՝ բարոյական տեսանկյունից, մեղմ ասած, վիճելի կեցվածքը բանակի սպաների համար տեսանելի է: Պետական թեկուզ նվազագույն մտածողություն ունեցող ղեկավարը, անգամ իրեն արդարացնելու համար, չի փորձի նվաստացնել ուսադիր կրող մարդկանց: Չէ՞ որ անցած պատերազմը վերջինը չէր:

Ինչպես է հանգուցալուծվելու այս ճգնաժամը, չգիտեմ: Այս տողերը գրում եմ հինգշաբթի երեկոյան: Հուսամ, այս գիշեր ոչինչ չի պատահի: Ոչ մի իշխանափոխություն կամ «իշխանապահպանություն» չարժե գեթ մեկ մարդկային կյանք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ոչ ստամոքսը եւ ոչ էլ մկանները չպետք է ղեկավարեն ուղեղին, այլ ուղեղը պետք է ղեկավարի ստամոքսին ու մկաններին, այսինքն՝ ոչ դրամատնտեսական իշխանությունը եւ ոչ էլ ռազմական իշխանությունը չպետք է ղեկավարեն քաղաքական իշխանությանը, այլ հակառակը՝ քաղաքական իշխանությունը պետք է ղեկավարի մնացած երկու իշխանություններին: Բայց մենք չունենք եւ չենք էլ ունեցել քաղաքական իշխանություն, որովհետեւ չենք ունեցել եւ չունենք քաղհասարակություն, որից պետք է ծնվեր քաղիշխանությունը: Քաղհասարակությունը համախմբվում է ոչ թե մարդկանց, այլ գաղափարի սկզբունքի շուրջ եւ տանում պերմանենտ անընդմեջ պայքար որպես ընդդիմություն իշխանության դեմ եւ հետ՝ անպայման պահպանելով ռազմավարական ընդհանուր արժեքներն ու սկզբունքները: Մեծն Մարտիրոս Սարյանը առաջին համալսարանի ուսանողների համար տետրերի լուսանցքներն էր գծում եւ չէր խորշում դրանից, մեր այսօրվա Մեծերն էլ թող իջնեն իրենց բարձունքներից ու ժողովրդին ծառայեն եւ ստեղծեն առաջին հայ քաղհասարակությունը:

  2. Armen says:

    Իմ կարծիքով մինչև արտահերթ ընրությունների անցկացումը անհրաժեշտ է հանրաքվե իրականացնել, ընգրկելով մեկ հարց երկու հնարավոր պատասխանով, մենք ի՞նչ ենք ուզում. 1. Ինքնիշխան պետականություն 2.Գուբեռնյա Հանրաքվեի արդյունքից ելնելով պարզ կդառնա, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ իշխանության կազմն ու ծրագիրը:

  3. henri says:

    Երկարօրէն հետեւեցայ երէկուայ խառնաշփոթ կացութեան, սարսափը սրտիս մէջ , , ,
    մթնոլորտը յղի էր և պայթուցկ . Ցաւօք նկատեցի որ այս երկու տարիներու ընթացքին
    անփոխավարութիւնը մնացած է անփոփոխ , միայն « ՍԵՒԸ – ՃԵՐՄԱԿԸ » դարձած է եղբայր , 4/5.000 երիտասարդներու կոտորածը և տարածքներուն կորուստը ոչինչ սորվեցուցած է , որդեկորոյս ծնողներու տառապանքը հրապարակներուն վրայ ՚նոյնպէս .
    Ափսոս պ.վարչապետը տակաւին չէ հասկցած որ
    «Ոչ մի իշխանափոխություն կամ «իշխանապահպանություն» չարժե գեթ մեկ մարդկային կյանք» /Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ/

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/26/1173828/

    © 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. Ruben says:

    Զանգ կախող չկա:
    Միայն մկների հեկեկոց:

  5. Ara Shahbazian says:

    Դուք շատ լավ գիտեք, որ ռուսերենում փափուկ ,,Ր,, չկա։ Ճիշտը երևի ,,սամոդուռ,, -ն է․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728