Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է ստեղծվել սեյսմիկ ծառայությունը…

Փետրվար 26,2021 13:00

Երկրաշարժերի ավերածությունների մասին շատ ենք կարդացել ու լսել, սակայն շատ արագ էլ մոռացել ենք դրանց մասին, քանզի դա մեր ուղղակի ցավը չի եղել, իսկ նման դեպքերում հենց այդպես էլ լինում է: Միայն 1988թ. Գյումրիի սարսափելի երկրաշարժի ժամանակ մեր մաշկի վրա զգացինք, թե ինչ սարսափելի էր այն եւ երբեք չի ջնջվի հատկապես ականատեսների հիշողությունից:

Իհարկե, այս տարիներին շատ բարձրաձայնումներ եղան այն մասին, որ այն արհեստական սարքած երկրաշարժ էր, Խորհրդային Միության կողմից սարքված որոշակի փորձարկումների հետեւանք, այլապես այդ ժամանակվա սեյսմիկ ծառայությունը (երեւի որեւէ կարգավիճակով նման կառույց, այնուամենայնիվ, գործում էր) նախապես, որոշակի մոտավորությամբ՝ ժամանակի եւ ուժգնության, կկանխագուշակեր նման երկրաշարժի մոտալուտ վտանգի մասին, քանզի բնական է, որ պետք է լինեին որոշակի սարքավորումներ, որոնք պետք է նախապես գրանցեին երկրաշարժերի առաջացումը՝ թեկուզ շատ մոտավոր: Թե ինչու այդպես չեղավ (միգուցե ասվածը զուտ իմ երեւակայության արդյունքն է եւ իրականում նման սարքավորումներ կամ չեն եղել, կամ էլ չեն կարողացել գրանցել), դժվար է ասել, քանզի ես տեղեկացված չեմ Խորհրդային հանրապետություններում նման սարքավորումների գոյության մասին:

Այժմ խոսենք վերջին օրերին Հայաստանի տարածքում գրանցված մի շարք երկրաշարժերի մասին: Բացի փետրվարի 13-ին գրանցված համեմատաբար բարձր ուգնությամբ /էպիկենտրոնում 6-7 բալ, Երեւանում՝ 5-6/ երկրաշարժը, մնացածներն իհարկե փոքր ուժգնության էին: Թեկուզ փոքր ուժգնության, սակայն դրանց գոյությունը պետք է հուշեր, որ կարող է հաջորդել նաեւ ավելի ուժգին հզորությամբ երկրաշարժը, որի մասին ոչ մի խոսք չասվեց: Այժմ փորձենք որոշակի մանրամասնությամբ խոսել հատկապես վերջին՝ համեմատաբար ուժգին երկրաշարժի մասին, որպեսզի դրա դասերը կարողանանք օգտագործել հօգուտ հետագայում սպասվող երկրաշարժերի:

Նախ ինձ մոտ տպավորություն էր առաջանում, որ այդ փոքր ուժգնությամբ երկրաշարժերի մասին ընդամենը իմիջիայլոց, զուտ տեղեկատվական բնույթի հրապարակումներ էին արվում եւ դրանց հետագա կրկնությունների ու ավելի բարձր ուժգնությամբ հնարավոր երկրաշարժերի մասին ոչ մի խոսք չէր գնում: Ժողովրդին գոնե չէր բացատրվում, որ եղանակի նման կտրուկ փոփոխությունը՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչեւ +20 աստիճան եւ ավելի, կարող է վկայել հնարավոր երկրաշարժերի առաջացման մասին (անգամ հասարակ ժողովուրդն է հաճախ բարձրաձայնում այդ մասին), որոնք էլ փաստացի, շարունակաբար տեղի էին ունենում ու որոնց վերաբերյալ բացարձակ անլուրջ եւ իմիջիայլոց վերաբերմունք էր դրսեւորվում պատկան կառույցների կողմից:

Եթե ուրիշ ոչինչ, ապա գոնե պարզ տրամաբանությունը պետք է հուշեր, որ կարծես բոլոր նախապայմաններն առկա էին, որ այդ երկրաշարժերի շքերթը կարող էր շարունակվել, ավելին՝ կարող էր տեղի ունենալ նաեւ շատ ավելի մեծ ուժգնության երկրաշարժ, որին եւ պետք էր որոշակիորեն նախապատրաստվել եւ ահազանգել հանրությանը, ինչը եւ փաստացի փետրվարի 13-ին եղավ ու մեծ անակնկալներ մատուցեց: Բազմաթիվ այլ հարցերին զուգահեռ, ինձ մոտ մեկ հիմնական հարց է առաջանում. իսկ ի՞նչ էր անում Հայաստանի սեյսմիկ ծառայությունը, այն ընդհանրապես կա՞, աշխատո՞ւմ է, թե՞ անունը կա, ամանում չկա …

Եթե նման ծառայություն իրականում կա, ապա դրա գոյության փաստը որոշակի հույսեր է ներշնչում երկրաշարժերի նախապես կանխագուշակման համար, սակայն շատ ավելի վատ է, որ այդ հույսերը սին են լինում: Իրողությունը ցույց տվեց, որ այդ ծառայությունը եղած, թե չեղած, մի հաշիվ է, քանզի այս ծառայությունը կամ ասենք՝ օրինակ, սոցապ ծառայությունն այս հարցում նույն չափով «օգտակար» եղան, այնպես որ, բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ընդհանրապես ստեղծվել այս ծառայությունը եւ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Կարծում եմ՝ այս հարցերին պատասխանելու համար պարտադիր չէ լինել սեյսմոլոգ, քանզի պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե նախքան երկրաշարժն այդ ծառայությունը որեւէ արձանագրում չի անում (իհարկե, տեղյակ ենք, որ Ճապոնիայի նման երկրում անգամ չեն կարողանում ճշգրիտ կանխատեսումներ գրանցել), ապա բացարձակ անիմաստ է դառնում նրա գոյությունը …
Այլ հարց է, որ գործազրկությունը գնալով մեծ թափ է առնում եւ այդ ծառայությունն ստեղծելով, ընդամենը մի քանի տասնյակ մարդու զբաղվածության խնդիր է լուծվել … Իհարկե, դա հասկանալի է եւ ես մարդկայնորեն դեմ չեմ դրան, սակայն թող հենց այդպես էլ ասեն, որպեսզի գոնե ինչ-որ չափով հույս չդնենք այդ ծառայության վրա …

Ասվածից պարզորոշ հետեւում է, որ գոնե այս հարցին պետք է չափազանց լուրջ մոտեցում ցուցաբերել, քանզի բոլորին է հասկանալի, թե երկրաշարժի հետեւանքները որքան անդառնալի կարող են լինել: Փաստացի մեկ ճանապարհ է մնում. կամ պետք է արագ լուծարել այդ ծառայությունը, կամ համապատասխան միջոցներ ներդնել ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու եւ կադրերի վերապատրաստման համար …

Այնպես որ, եթե որոշակի արդյունքներ գրանցելու համար կա ճանապարհ, ապա միակը սա է … Վերջում կարեւորում եմ նշել. փառք Աստծո, որ երկրաշարժի ուժգնությունը մի քանի բալով ավելի բարձր չէր, այլապես հետեւանքներն անդառնալի կլինեին՝ կունենայինք մեծ թվով մարդկային զոհեր եւ մեծ ավերածություններ, որը հերթական ազդանշան էր բոլորիս առ այն, որ մի քանի վայրկյանը բավական էր, որպեսզի բոլորիս կյանքն անմիջապես ավարտվեր: Կարծում եմ, որ գոնե այս ամենը պետք է մեզ լրջորեն զգոնացնի ու մշտապես հիշենք, որ մարդու կյանքն իրոք ակնթարթ է ու քանի ապրում ենք, այն էլ նման սարսափելի պայմաններում, ունեւորները պարտավոր են առանց ափսոսալու, շարունակաբար օգնել աղքատներին, որն էլ կդառնա այն գրավականը, որ Տերը գթա եւ փրկի մեզ …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728