Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պաշտպանելով ՊԵԿ-ից տնտեսվարողներին

Փետրվար 26,2021 12:30

Ըստ դիմողի՝ տվյալ պահին հանրային սննդի ոլորտում գործող սուբյեկտները «ենթարկվում են պակաս բարենպաստ վերաբերմունքի, քան մյուսները՝ առանց պատշաճ հիմնավորման»

Գաղտնիք չէ, որ վարչական դատարան են դիմում հարկային մարմինները՝ տասնյակ տնտեսվարողների դեմ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտպանված: Տուգանքը՝ միլիոնավոր գումարներն են: Դիմումատու դատարանի գնահատմամբ. «Օրենսգրքի վիճարկվելիք դրույթը «թույլատրելիի սահմաններից դուրս» տարբերակված մոտեցում է ցուցաբերում հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ուստի խտրականություն է»:

ՍԴ-ի ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ հանրային սննդի ոլորտում ընտրված տուգանքի չափը չորս անգամ գերազանցում է մյուս ոլորտներում գործող սուբյեկտների նկատմամբ միեւնույն խախտման համար սահմանված տուգանքի չափից:

Որպես կանոն, հարկային մարմինները դատարանում պաշտպանվում են նշյալ հոդվածով՝ «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը…

3.Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի) խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`
2) 600 հազար դրամի չափով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով»:

Վիճարկվող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավվել Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանը: Նշեմ, որ վարչական դատարանից դիմումը ՍԴ-ում մուտքագրվել է 2020 թվականի օգոստոսի 20-ին:

Ըստ դիմումատու վարչական դատարանի՝ «Օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը միեւնույն (հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման) արարքի համար հանրային սննդի ոլորտում գործունություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ սահմանում է 600 հազար դրամի չափով տուգանք, իսկ մնացած տնտեսվարող սուբյեկտների համար՝ 150 հազար դրամի չափով»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթով հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներն ավելի խիստ վերաբերմունքի են արժանացել, քան մնացածները:

Դիմողը նշել էր. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ավելի մեծ չափով տուգանք սահմանելու առերեւույթ բացատրություն չի տեսնում: Պետական եկամուտների կոմիտեն, որը կիրառել է նորմը, միայն նշել է 600 քմ մակերեսը գերազանցող սպասարկման սրահ ունեցող հանրային սննդի օբյեկտների համար նախկինում գործող ավելի խիստ տուգանք սահմանելու պատճառները, սակայն վիճարկվող նորմով տարբերակման հիմքում դրված չէ սպասարկման սրահի մեծությունը»: Այսինքն, նման պայմաններում վիճարկվող նորմով դրսեւորված «տարբերակված մոտեցումը չի հետապնդում նաեւ իրավաչափ նպատակ», ընտրված միջոցի եւ հետապնդվող նպատակի միջեւ համաչափ կապի հարցը այլեւս ենթակա չէ քննարկման:

Պատասխանող ԱԺ ներկայացուցիչը վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները՝ փաստեց. «Ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է խտրականության: Տարբերակված մոտեցումը, որն ունի օբյեկտիվ եւ ողջամիտ հիմքեր, հետապնդում է իրավաչափ նպատակ, խտրականություն չէ»:

Պատասխանողը գտնում է, որ «օբյեկտիվորեն առաջացել է վտանգ, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները կունենան տնտեսական շարժառիթ՝ թերհայտարարագրել իրացման շրջանառությունների իրական ծավալները, քանի որ շրջանառության հարկի գծով հարկային բեռը մի քանի անգամ ավելի ցածր է, քան գործունեության համապատասխան տեսակը հարկման ընդհանուր համակարգում իրականացնելու պարագայում ձեւավորվող՝ ԱԱՀ-ի եւ շահութահարկի արդյունավետ դրույքաչափերի հանրագումարն է: Ինչը բարդացնում է հարկային մարմինների խնդիրը՝ վերահսկել իրացման շրջանառության իրական ծավալները»: Ուստի, ըստ պատասխանողի, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով առավել խիստ տուգանքների սահմանումը միտված է շրջանառությունը թաքցնելու ռիսկերի առավել արդյունավետ պետական կառավարմանը:

Սահմանադրական դատարանը օրեր առաջ մերժեց վարչական դատարանին: ՍԴ դիրքորոշումը հետեւյալն էր. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ «օրենքի առջեւ հավասարությունը» չի բացառում օբյեկտիվ եւ ողջամիտ տարբերությունների հիմքով առանձին խումբ սուբյեկտների համար արտոնությունների եւ առավելությունների տրամադրումը, ինչպես նաեւ լրացուցիչ սահմանափակումների ու արգելքների սահմանումը, եթե դրանք հիմնավորված, հավասարակշռված եւ ողջամիտ են, չեն խաթարում սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների էությունը»:

Եվ որ օրենքի առջեւ հավասարության սահմանադրական սկզբունքը որեւէ դեպքում չի արգելում, որ օրենսդիրը հայեցողական քաղաքականության շրջանակներում տարբերակված մոտեցում նախատեսի որոշակի խումբ անձանց նկատմամբ, օբյեկտիվ հիմքով առանձնացված որոշակի խումբ անձանց համար առանձին տեսակի իրավախախտումների համար սահմանի պատասխանատվության (հարկային, վարչական, քրեական եւ այլն) ավելի մեղմ կամ խիստ միջոցներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728