Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրազդանի դրամատիկականը վերածնունդ է ապրում

Փետրվար 26,2021 12:00

Հավաստիացնում է 29-ամյա «ստաժով» գեղարվեստական ղեկավարը

Ժամանակին «Առավոտը» ռեժիսոր Ռուբեն Բաբայանին փոխանցեց արվեստագետների, այդ թվում՝ ճանաչած, կարծիքը, թե Հայաստանին այսքա՜ն պետական թատրոններ հարկավոր չեն թեկուզ մեկ հիմնավորմամբ՝ պետության հնարավորությունները սահմանափակ են։ Պարոն Բաբայանը նեղսրտել էր, ասելով՝ թատրոնները երբեք շատ չեն լինում, պետք է մտածել դրանց գործունեությունը խթանելու մասին։

Իսկապես, մեր թատրոնները, օրինակ՝ մարզային, երկար ճանապարհ են անցել, մի քանի տասնամյակի պատմություն ունեն, իսկ դրանց գերակշիռ մասը ինքնագործ կոլեկտիվից վերածվել է ժողովրդականի, շրջանայինի, մինչեւ անգամ ստացել քաղաքային թատրոնի կարգավիճակ։ Նշենք, որ անցյալ դարի կեսերին երեւանյան մշակութային տներում գործող թատրոններում էլ մեծ աշխուժություն է տիրել։

Օրինակ, Չարբախի մշակույթի տան ժողթատրոնում 1961 թվականին առաջին եւ վերջին անգամ բեմադրվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան։ Քանիցս նշել ենք, բայց տեղին է հիշեցնել, որ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոնում, որը ռեժիսոր Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է 1935թ.՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն։

Ավագ սերնդի թատրոնի մարդիկ մինչ օրս ոգեւորությամբ նշում են, որ հենց այդ թատրոնում են իրենց առաջին բեմական մկրտությունը ստացել անվանի այնպիսի թատերական գործիչներ, ինչպիսիք են Գալյա Նովենցը, Երվանդ Ղազանչյանը, Գուժ Մանուկյանը, Ռաֆայել Քոթանջյանը, իսկ տարբեր տարիներին թատրոնի արտիստական խմբի հետ ներկայացումներում խաղացել են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը… Այս ցանկը կարելի է շարունակել։ Աբովյանի ժողթատրոնում (1950-ականներ) բեմ են բարձրացել Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Բաբկեն Ներսիսյանը, Թադեւոս Սարյանը։ Մինչ այդ՝ 1930-ականներին, Կոտայքի թատրոնում իրենց արվեստով փայլել են Ռոզա Մելոյանը, Վազգեն Իսակովը, Աբել Աբելյանը, Արշակ Մելքոնյանը եւ այլն։ Ասում են՝ Արթիկում 1960-ականներից իր հարուստ խաղացանկով ու շնորհալի դերասանական կազմով գործել է դերասան, ռեժիսոր Գնել Գեմոյանի ղեկավարած թատրոնը։ Չանդրադառնանք Գավառի, Վանաձորի, Գյումրիի, Գորիսի թատրոններին, որոնց սկիզբը դրվել է մոտ մեկ դար առաջ։

Այս անգամ մեզ հետաքրքրեց Հրազդանի դրամատիկական թատրոնը, որը ստեղծվել է 1953թ.՝ որպես ինքնագործ թատրոն, ապա ստացել ժողովրդականի, շրջանայինի, 2000 թվականից էլ քաղաքայինի կարգավիճակ։ Հետաքրքրեց, որովհետեւ 2020թ., եթե չենք սխալվում՝ մարտից, այս թատրոնի աշխատակիցները աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Հետո պարզվեց, որ 67 տարվա կենսագրություն ունեցող թատրոնը ոչ թե լուծարվելու է, այլ միանալու է «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին։ Նշենք նաեւ, որ մինչ այդ թատրոնը գտնվում էր համայնքապետարանի ենթակայության տակ։

Այս թատրոնում արդեն 46 տարի, որից 29-ը գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, աշխատում է Աշոտ Սարգսյանը։

Վստահ ենք, որ թատերասեր հասարակայնությունը հիշում է Աշոտ Սարգսյանի սցենարով եւ ռեժիսուրայով իրականացված «Մինաս» բեմադրությունը, այնուհետեւ Բակունցի «Միրհավը», 2019-ին՝ «Մթնաձորը»։

Մեզ հետ զրույցում պարոն Սարգսյանը նախ նշեց թատրոնի երախտավորներին՝ հնչեցնելով Վրույր Մանվելյանի, Արշավիր Ղազարյանի, Զեբիկ Զաքարյանի, Իշխան Ղարիբյանի, Ստեփան Ջանիբեկյանի, Պերճ Գեւորգյանի եւ այլ անուններ։ Մեր զրուցակցի խոսքերով՝ շուրջ երկու տարի նոր փուլ են մտել (նկատի ունի թատրոնը «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին միացնելը)։ Հատկապես նշեց ՀՈԱԿ-ի տնօրեն Վահագն Մարգարյանի անունը, հավաստիացնելով, թե ցանկացած հարց լուծում է ստանում։ Այս պահին իր ռեժիսուրայով Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիայի փորձերին զուգահեռ թատրոնում ընթանում են 320 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճի վերանորոգման աշխատանքներ։ Հատկապես նշեց լուսաձայնային նոր տեխնիկայով զինումը։ Հիշյալ ներկայացման պրեմիերան էլ նախատեսված է գարնանը։ Պարոն Սարգսյանը քանիցս բարձրաձայնեց քաղաքապետ Սեւակ Միքայելյանի անունը, հավաստիացնելով, որ «տասնամյակներ շարունակ մենք ենք հոգացել ներկայացման լուսաձայնային եւ այլ միջոցների ապահովումը։ Հիմա այդ հարցերը քաղաքապետի անմիջական հսկողության տակ են»։ Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ ստացվում է բախտներդ բերել է, վերջապես որեւէ խնդիր չեք ունենա, Աշոտ Սարգսյանը «հետ գնաց»՝ հիշելով. «Իմ ղեկավարման 29 տարիների ընթացքում, օրինակ՝ մշակույթի նախարարությունը ընդամենը մեկ անգամ, 400 հազար դրամ է հատկացրել՝ Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» ներկայացման համար։ Վերջին 30 տարիների ընթացքում թատրոնը ընդամենը մեկ անգամ է հյուրախաղերի մեկնել՝ Կապան, Շամշադին եւ Ալավերդի»։

Ի պատասխան ռեպլիկին՝ Ալավերդիում մասնակցել եք «Լոռի» փառատոնին, ռեժիսորը հիշեցրեց, որ խոսքը Լոռիում անցկացվող ամենամյա փառատոնի մասին է եւ նշեց, որ այդ փառատոնում 1995թ. թատրոնը «Դիմակահանդես» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ Այն կրկնվել է նաեւ 1997-ին՝ «Թագավորը» ներկայացման համար։

Հարցին, թե կարելի է եզրակացնել, թե գոնե մինչ այս պահը որեւէ խնդիր չունեք, բայց գիտենք, որ, տպավորիչ ասած՝ թատրոնը արտիստների պակաս ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ ղեկավարման տարիներին թատերախումբն ունեցել է 5 դերասան, հիմա արդեն 6-ն են։ Սա ես առաջխաղացում եմ համարում… Իսկ ներկայացումների մասսայական տեսարանները ապահովում են հիմնականում Հրազդանի արվեստի դպրոցի թատերական խմբակի սաները»։

Ինչ վերաբերում է տեղի հանդիսատեսին, պարոն Սարգսյանը հիշեցնելով, որ գարնանը կունենան իրենց առաջին պրեմիերան, ընդամենը մեկ օրինակ բերեց. «Օրերս մեզ մոտ ներկայացվեց Գյումրիի Աճեմյանի անվան թատրոնի «Հարսանիք թիկունքում» ֆիլմ-ներկայացումը։ Մեկ օրում երեք սեանս ունեցանք, 1000 հանդիսատես։ Երեւանի կոմեդիայի պետական թատրոնն էլ մեզ մոտ ներկայացրեց «Սիրային եռանկյունի» եւ «Բրեմենյան երաժիշտներ» ներկայացումները։

Կարճ ասած՝ այսօր Հրազդանի դրամատիկական թատրոնը ունի բոլոր հնարավորությունները՝ ամենամոտ ապագայում թատերասերին գոհացնելու համար»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728