«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը
Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք քաղաքական սուբյեկտներին հետ կանգնեցնել առավելագույնը ստանալու մոլուցքից և հանդես գալ լուծումներով, որոնք ընդունելի կլինեն բոլորիս համար։ Դա տեղի չի ունեցել։ Փոխարենը հնչել են վերջնագրեր՝ հղում անելով երևակայական ժողովրդի երևակայական կամքին։ Սա հանգեցրել է քաղաքական ապատիայի։
Լուծումների բացակայությունը, առավել ևս, արտահերթ ընտրությունների շուրջ անորոշ ձևակերպումները փոշիացրեցին սահմանադրական ճանապարհով ճգնաժամը արագ հաղթահարելու հույսերը։
Ճգնաժամը հաղթահարելու համար անհամեմատ մեծ պատասխանատվություն ունեցող Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը ցուցաբերում են իրավիճակին բացարձակ ոչ համարժեք վարքագիծ։ Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պայմաններում։ Հանրությունը ցույց տվեց, որ նույնքան անընդունելի են 17 ուժերի առաջարկած լուծումները։ Հանրությունը պատանդ է մնացել այս երկու բևեռների առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով վերոնշյալը, սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ՝ լավագույնս սպասարկելու ՀՀ քաղաքացու շահը և քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծման ուղիներ գտնելու։
Եթե իրենց բևեռ հռչակած սուբյեկտները շատ կարճ ժամկետներում այս օրակարգին ընդառաջ գալու ողջախոհություն չցուցաբերեն՝ մենք համախմբելու ենք այս օրակարգի շուրջ համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշմամբ մեկուսացնելու ենք առճակատման ձգտող ուժերին՝ որպես Հայաստանի լավագույն ապագայի ճանապարհին կանգնած խոչընդոտներ։
Այսպիսով, բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում վերոնշյալ բևեռների մոտեցումները և արժեւորում են համերաշխության ու ինքնիշխանության օրակարգերը, կոչ ենք անում իրենց բոլոր ջանքերն ուղղել բախումները բացառելուն և բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն։
Վաղը, փետրվարի 26-ին, ժամը 18։30-ին բոլոր այդ մարդկանց հրավիրում ենք Մաշտոցի պուրակ՝ համերաշխության և ինքնիշխանության օրակարգով հավաքին։
Ներքաղաքական կյանքում բռնությունն ու բախումները պետք է բացառվեն։ Բոլոր այն մարդիկ և ուժերը, որոնք կգնան բռնության ճանապարհով, գործում են Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության դեմ։
Մենք հասկանում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության դրդապատճառները, սակայն, կոչ ենք անում սահմանափակվել արդեն իսկ արվածով և մնալ սահմանադրականության շրջանակներում։