Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն պետք է խոսենք՝ ինչպես է լինելու իր հրաժարականի օրակարգը, ինչ ճանապարհով է նա հրաժարական տալու». Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փետրվար 25,2021 21:00

«Միայն պետք է խոսենք թե ինչպես է լինելու իր հրաժարականի օրակարգը, թե ինչ ճանապարհով է նա տալու հրաժարական»,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,  թե նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսի, եթե Հանրապետության նախագահը ստորագրի Գլխավոր շտաբի պետի ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակն իր գործերով անցնի, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա համոզմամբ՝ արդեն կոչերի ժամանակը չէ, գործողությունների ժամանակն է: Նա վստահեցրեց՝ սա զուտ քաղաքական պայքար չէ, և տանել ամեն ինչ դեպի քաղաքականություն, քաղաքական օրակարգ, համարեց ոչ ճիշտ: Այնուհետև հայտարարեց. «Արդեն պետք է սթափ և ազնիվ խոստովանենք, որ ունենք կորցրած հայրենիք, հազարավոր զոհեր, ամենօրյա ռեժիմով մեր հայրենիքի հատվածներից մեկը մյուսի հետևից կորցնում ենք, տնտեսական լուրջ ճգնաժամ, հասարակության բաժանումներ և այլն»:

Արթուր Վանեցյանը հավաստիացրեց՝ պիտի գործեն Սահմանադրության շրջանակներում ու հորդորեց իրավիճակը սթափ գնահատել ու դրան լուծումներ տալ:

Խոսելով ընդդիմության հետագա գործողությունների մասին՝ ասաց՝ ընդդիմությունը պարզ ու հրապարակային է խոսում ու հավելեց. «Երկրում աբսուրդի հասնող իրավիճակ է, որ արդեն որևէ կառույց, ինստիտուտ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը, կեղծ շոու բեմադրելով, մարդկանց հանում է փողոց, մանիպուլյացիա օգտագործելով և վարչական ռեսուրս օգտագործելով, սկսում է ցույց տալ, թե իբր ունի ժողովրդի աջակցությունը: Չի կարող ՀՀ քաղաքացին պաշտպանել քաղաքացու, ում պատճառով մենք կորցրել ենք արցախյան հատվածի 71 տոկոսը, ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ: Պետք է արագ գործել, լուծել առաջնային հարցը՝  Նիկոլ Փաշինյանի հեռացումը, խոսել ու մտածել ապագայի մասին: Բոլոր կարող ուժերի ներգրավմամբ կառուցենք մեր երկիրը նորովի»:

Նա հայտնեց՝ Բաղրամյան պողոտայում իրենց ցույցերը կլինեն անժամկետ, շուրջօրյա ժողովրդին կոչ են անում գալ Բաղրամյան պողոտա: Արթուր Վանեցյանը շեշտեց՝ այսպես թե այնպես իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուստի ԱԺ պատգամավորներին՝ որպես առաջնային մանդատ կրող կառույցի ներկայացուցիչների, կոչ արեց՝ գալ ու իրենց խոսքն ասել ստեղծված ճգնաժամում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728