Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՇ հայտարարության մեջ ուժ կիրառելու սպառնալիք չկար». Բորիս Նավասարդյան

Փետրվար 25,2021 20:33

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը «Մեդիա կենտրոնի» առցանց ասուլիսում ասաց, որ երկակի վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի՝ «հեղաշրջման փորձ» ձեւակերպման հետ կապված, ինչը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Ակնհայտորեն ԳՇ ղեկավար կազմի հայտարարության մեջ ուժ կիրառելու սպառնալիք չկար, բայց կար մտահոգություն՝ ստեղծված իրավիճակով; Եվ որքան էլ ճիշտ է համարել, որ ընդհանրապես ուժային կառույցները ապաքաղաքական են եւ չեն կարող քաղաքական պահանջներ ներկայացնել, սակայն հաշվի առնելով այն հնարավոր մտահոգությունը ԳՇ-ի կողմից, որ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք ու վտանգ պարունակող զարգացումներ են տեղի ունենում, ինչ-որ տեղ այդ քայլը կարելի է հասկանալ»:

 Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, դա պայմանավորված է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցով, որտեղ ակնհայտ դժգոհություն եղավ ռուսական կողմից տրամադրվող զենքի՝ Իսկանդերի վերաբերյալ. «Հիշում եք՝ Իսկանդերը չպայթեց կամ պայթեց ընդամենը տասը տոկոսով, 80-ականների զենքեր եւ այլն… Հաշվի առնելով այն, որ Հայաստանի անվտանգությունը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, եւ եթե այդ համագործակցությանը վնասող հայտարարություն է արվում, որը կարող է իր հետ բերել խնդիրներ այդ համագործակցության համար եւ համապատասխանաբար՝ անվտանգությունն ապահովելու առումով, դա էր հիմնական պատճառը, որ Գլխավոր շտաբը այդ կարգի քաղաքական հայտարարություն հնչեցրեց:

Նորից եմ կրկնում, զուտ օրինական առումով դա կարելի է որակել որպես հեղաշրջման փորձ, բայց հաշվի առնելով, որ որեւէ գործողություն չհետեւեց դրան, շատ դժվար է պատկերացնել, որ ռազմական ստորաբաժանումները ինչ-որ ակտիվ գործողությունների կանեն Հայաստանում, մանավանդ տեսանք, որ ԳՇ ներկայացուցիչները եւ Պաշտպանության նախարարը տարբեր կերպ են գնահատում այս իրավիճակը: Ես կարծում եմ, որ բոլորի ողջամտությունը կբավարարի, որպեսզի բանակի տարբեր ստորաբաժանումներն իրար դեմ դուրս չգան»:

ԵՄԱ նախագահը նաեւ ընդգծում է. «Միեւնույն ժամանակ բացի ռազմական ղեկավարությունից՝ մեծ պատասխանատվություն կա նաեւ քաղաքական ղեկավարության վրա: Գնահատելով այս արված իրավիճակը՝ կարծում եմ իրենք պետք է անեն առավելագույնը, որպեսզի հաշտության հեռանկարներ բացվեն: Այդ առումով, ինձ համար խոստումնալից էր վարչապետի խոստումը, որ ինքն իրականացնելու է խորհրդատվություն տարբեր շրջանակների հետ, եւ այստեղ կարեւոր է, որ այդ շրջանակների ցանկը լինի հնարավորինս ներառական»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728