«Իսկանդեր» հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ չի կիրառվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Մեր ունեցած օբյեկտիվ և արժանահավատ տեղեկություններով, որոնք հաստատվել են այդ թվում օբյեկտիվ վերահսկողության համակարգերով, այդ տեսակի հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ չի կիրառվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ հրթիռների ամբողջ ռազմապաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստում:
Գերատեսչությունում նշել են, որ «տարակուսանքով ու զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի կողմից կիրառված «Իսկանդեր» համալիրների հրթիռները» չեն պայթել կամ պայթել են 10 տոկոսով:
Կարդացեք նաև
«Ըստ ամենայնի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- հայտարարել են գերատեսչությունից:
Նախարարությունում հիշեցրել են, որ «Իսկանդեր» համալիրներն օգտագործվել և բավականին հաջող կիրառվել են Սիրիայի ռազմական պայմաններում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ: «Դա մեզ լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանի կողմից արտադրվող 9К720-Է «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրներն այդ դասի մեջ լավագույնն են աշխարհում: Դա ընդունում են բոլորը»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ