«Մեզ դեկտեմբերին, հունվարին ասում էին՝ ոնց որ մարում է, հա՞, ոնց որ ժողովուրդը չի գալիս: Հիմա տեսա՞ք ինչ եղավ, սա հաղթանակ է: Այսօր Հայաստանում չկա մի մարդ, ով չուզենա, որ այդ դավաճանը, թուրքը դուրս շպրտվի եւ օրենքով իր պատիժը կրի»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ ԳՇ-ի հայտարարությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց:
Մելքումյանն ասաց, որ գնում են անդունդի եզրով, բայց անդունդն ընկնելու իրավունք չունեն, պետք է ցույց տան իրենց ուժը, օգտագործեն խորհրդարանական բոլոր գործիքները: Դրա համար արտահերթ նիստ են հրավիրել, որ ռազմական դրությունը հանեն ու քննարկեն ստեղծված իրավիճակը:
Զինվորական, պատերազմի մասնակից Սասուն Դանիելյանը , որը վերջին պատերազմում վիրավորվել էր, եկել էր ցույցի: Նա ասաց. «Մեզ հաղթանակ է պետք: Հզոր բանակ պիտի ունենանք: Ես չէի կարող չգալ: Շատ կորուստ ունենք»:
Կարդացեք նաև
Շարժման համակարգող Սաղաթելյանն առաջարկեց երթով շարժվել դեպի ԱԺ՝ իրենց պահանջը հայտնելու, հետո նորից կվերադառնան Ազատության հրապարակ:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամոթանք տվեց Փաշինյանին, որ իրեն աջակցություն են հայտնում Թուրքիայի պաշտոնյաները: Նա վստահեցրեց, որ Փաշինյանին շատ լավ է ճանաչում, նա ունակ է մարդկանց տանելու արնահեղության. «Թափող էիր, թուրքի արյունը թափեիր, ոչ թե թուրքին մատաղ անեիր Արցախը, Շուշին ու 5000 երիտասարդների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ