Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. Կա՛նգ առեք։ Բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ

Փետրվար 25,2021 18:11

Սամվել Բաբայանի կոչը

25 տարի շարունակ հայ ազգը մոլորեցվում էր կեղծ օրակարգերով։ Խոսվում էր զանազան ռիսկերից, մարտահրավերներից, բացի ամենահրատապից, որ մեր արտաքին թշնամին օրեցoր հզորանում է և մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման իրական վտանգի առաջ։ 25 տարի շարունակ մեր սահմանների ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման փոխարեն, բոլորը, ում հաջողվել է հասնել իշխանության, զբաղվել էին անձնական հարստացմամբ: Արդյունքում մենք կորցրինք Արցախի 80% և ոչ մի կերպ չենք կարողանում ապաքինվել այդ հարվածից։

Այսօր, համախմբվելու և միասնական ջանքերով ճգնաժամային ծրագիր մշակելու փոխարեն,մեզ դարձյալ կեղծ օրակարգեր են մատուցում, շարունակելով մասնատել մեր վիրավոր ազգը։

Ես դիմում եմ և’ իշխանություններին, և’ ընդդիմադիր ուժերին։ Կա’նգ առեք։ Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին։ Վաղուց է եկել ժամանակը, որ մենք հրաժարվենք բազմաթիվ կուսակցություններից, որովհետև այսօր չպետք է լինեն կլանային շահեր, կա միայն մեկ՝ ազգային շահ,միայն մեկ խնդիր՝ ինչպես նորից հառնենք մոխրից ու դառնանք իրապես հզոր միասնական Հայաստան:

Թանկագին հայեր, մենք համոզվեցինք, որ մեր արտաքին թշնամին խելացի, հզոր ու նենգ է: Նա առիթը բաց չի թողնի հարձակվելու և ավարտին հասցնելու մեկ դար առաջ սկսած հայոց եղեռնը, երբ մենք զբաղված ենք ներքին գզվրտոցներով։ Այսօր մենք բոլորս դեռ կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ: Ես դրա վերաբերյալ տարիներ ի վեր շատ եմ խոսել, տարիներ շարունակ ես մատնանշել եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմին նախապատրաստվելու և մեր անգործության մասին, պատերազմին մեր անպատրաստության մասին, մեր զինվորի չպաշտպանվածության մասին։ Ինձ այն ժամանակ չէին լսում։ Ինձ չհաջողվեց դա հասցնել նրանց, ովքեր այն ժամանակ իշխանություն էին ու որոշումներ էին կայացնում:

Այսօր ես նորից եմ կրկնում՝ խելքի՛ եկեք։ Պատերազմի վտանգը չի անցել։ Մենք պետք է անհապաղ վերակառուցենք մեր բանակը, ամրապնդենք մեր պաշտպանունակությունն ու մտածենք մեր Ազգի և Հայրենիքի փրկության մասին:

Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում: Բայց մենք նորից ենք ուզում կրկնել այդ ճակատագրական սխալները: Այո’, ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար։ Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները: Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ: Ես ինքս եմ դարձել բազմաթիվ դատական գործընթացների նախաձեռնողը, որոնք վերաբերվում են այս վերջին պատերազմի բազմաթիվ որոշումներին։ Եվ ես բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ, այլ ոչ թե ստեղծել կեղծ ազգային օրակարգ՝ մեր ժողովրդին շեղելով իրական վտանգից։

Սամվել ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728