Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսի թաղամասի սեփականատերերը պահանջում են տարածքը հանել գերակա շահից

Փետրվար 25,2021 18:07

«Ես իմ տանը նստած՝ իմանում եմ, որ իմ սեփականությունը տվել են էսինչ ընկերությանը: Դիմում եմ գրում կառավարություն, նա էլ ուղարկում է քաղաքապետարան, սա էլ ասում է՝ իմ իրավասություններից դուրս է, դիմեք մասնավորին: Էդ դեպքում պետական շահը ո՞րն է, որ պետությունն իրեն հեռու է պահում եւ որեւէ ձեւով մասնակից չի դառնում այս հարաբերություններում»,-այսօր Կենտրոն վարչական շենքում կազմակերպված հանրային լսումների ժամանակ ասաց Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից մեկը: Նա ասաց, որ իր սեփականությունից զրկված է արդեն 20 տարի: Երբ ինչ-որ հարցով փորձում է սեփական տարածքում որեւէ գործ նախաձեռնել՝ չի կարողանում, ասում են՝ գերակա շահ է:

«Կոմունալը քանդած է, գազը չգիտես ինչ վիճակում է, մեր տները հին է, թեքվում է, փուլ է գալիս, չեմ կարողանում սարքել, որովհետեւ, սարքեմ՝ վաղը գալու են քանդեն»,-բողոքում էր մեկ այլ բնակիչ: Ֆիրդուսիի բնակիչների խոսքով, իրենց թաղամասում տարեկան մի քանի տուն քանդում են, որպեսզի մյուսներն էլ ճնշվեն եւ իրենց տներն ինքնակամ հանձնեն. «Կողքի տունը քանդում են, որ մյուս տունն էլ քանդվի, ավելի էժան գնահատեն ու վերցնեն: Դուք չեք պատկերացնում՝ ինչ փոշու մեջ ենք ապրում»:

 

Կառուցապատողների ներկայացուցիչներն ի պատասխան ասացին, որ այսօր եկել են քննարկելու ոչ թե այդ հարցերը, այլ թե 33-րդ թաղամասում կառուցապատման հետեւանքներն ինչպիսի՞ բնապահպանական խնդիրներ կառաջացնեն:

«Մենք չենք ուզում որեւէ հարց քննարկվի մեր սեփական տարածքի վերաբերյալ, ոչ էլ ՇՄԱԳ-ի փորձաքննություն անեն»,-դահլիճից արձագանքեցին ֆիրդուսցիները: Կառուցապատողները նշեցին, որ տարածքն օրենքով է իրացվում:

Իրացման գոտու բնակիչների խոսքով, բնապահպանական հարցերի շուրջ քննարկումն անիմաստ է, քանի դեռ ողջ թաղամասի մասին չունեն ամբողջական պատկերացում. «Նախ՝ հատակագիծը հստակ չէ, չկա ամեն մի շենքի, ամեն մի հատվածի նախագիծը, կա ընդհանուր պատկերացում՝ որտեղ` ինչ պետք է լինի, բայց առանձին դետալներով մշակած չի այդ նախագիծը»:

Բնակիչները նաեւ կասկած հայտնեցին, որ ընդհանրապես այդ նախագիծն իրականություն կդառնա: Նրանք մտավախություն ունեին, որ իրենց տները քանդեն, մնալու են օդից կախված՝ ինչպես այլ իրացման գոտու բնակիչները:

Քննարկմանը ներկա էին նաեւ Երեւանի ավագանու անդամները: Նրանք կառուցապատողի ներկայացուցիչներին հորդորեցին հանդիպումներ ունենալ բնակիչների հետ եւ մանրամասն ներկայացնել նախագիծը եւ պատասխանել նրանց հուզող հարցերին: Կառուցապատողների ներկայացուցիչներն ասացին, որ իրենք բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում են:

«Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերության ներկայացուցիչ Մարտիրոս Նալբանդյանը հորդորեց ներկայացնել բնապահպանական խնդիրները, քանի որ այսօրվա լսումները հենց այդ թեմայով են. «Ժողովուրդ, մենք չենք ասում՝ չկան սոցիալական խնդիրներ, մենք պատրաստ ենք դրանք էլ լսել, քննարկել: Չթերագնահատենք նաեւ բնապահպանական հարցերը, որոնք մաս են կազմում այս ամենի»:

Բնակիչները նշեցին, որ նախագծում նշված է, որ լոտերի տարածքում բուսականություն չկա, մինչդեռ տարածքում ծառեր ու այգիներ կան:

Մարտիրոս Նալբանդյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է նրան՝ արդյոք այդ տարածքը նախատեսվա՞ծ է քաղաքաշինության համար, թե՞ բնական, բուսական տարածք է: Կառուցապատողի ներկայացուցիչը նաեւ ասաց, որ տեղում շուրջ 11 հազար քմ տարածք կանաչապատվելու է:

Ֆիրդուսիի բնակիչները միեւնույն է դեմ էին, որ տարածքն իրացվի: Նրանց խոսքով, պահանջում են իրենց սեփականությունները հանել գերակա շահի կարգավիճակից եւ թույլ տալ սեփական կամքով տնօրինել դրանք:

Ֆիրդուսիի տարածքում սեփականություն ունեցող Արա Շահումյանը, դիմելով ավագանու անդամներին, ասաց, որ զբաղվեն այս հարցով եւ վերջնականապես լուծում տան այդ հարցին. «Մենք խոշոր սեփականատերերն ենք, մենք չենք տալու մեր տարածքները: Սա իմ պապերի հարյուրավոր տարվա սեփականությունն է եւ ես նպատակ չունեմ որեւէ մեկին զիջելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728