Հանրապետության հրապարակում էր նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը հակասահմանադրական է․ «Ոտնձգություն է Սահմանադրության վերաբերյալ։ Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք մեր Սահմանադրությունը, մեր պետականությունը»։
Արման Բաբաջանյանը հուսով է, որ բանը ռազմական հեղաշրջման փորձին չի հասնի․ «Կարծում եմ, որ մենք կհաղթահարենք։ Այդ հեռանկարը առնվազն այս պահին ակտուալ չէ»։
Կարդացեք նաև
Կուսակցությունները ևս միացել էին Գլխավոր շտաբի պահանջին՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Նրանք նաև տեսնում էին քաղաքացիական պատերազմի և Մարտի 1-ի դեպքերի կրկնության սպառնալիք․ «Կուզեմ, որ մենք վերահաստատենք մի կարևոր իրողություն, որ հրաժարական պահանջող նոր ուժեր ի հայտ չեն եկել։ Այսինքն՝ նրանք, ովքեր ավանդաբար պահանջել են հրաժարական, նրանք էլ շարունակում են հրաժարական պահանջել։ Ես Մարտի 1-ի վտանգ չեմ տեսնում, առավել ևս՝ եթե ձեր մատնանշած քաղաքական ուժերը ունեն այդպիսի մտահոգություն, պետք է լինեն այստեղ՝ հրապարակում, որպեսզի այդ հեռանկարը ուղղակի չեզոքացնեն։ Որովհետև այս պահին այստեղ պետք է հավաքվեն պետականության, մեր Սահմանադրության և ժողովրդավարության հիմնական կարգախոսով՝ պաշտպանության կարգախոսով քաղաքական միավորները, և դա պետք է լինի մեզ առաջնորդողը։ Ինձ այս պահի չի հետաքրքրում, թե ով է իշխանության ղեկին։ Ինձ հետաքրքրում է մեր պետության, մեր պետականության ճակատագիրը։ Եվ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում այս իրավիճակի համար։ Իրենց գտնվելու տեղը կարող է շատ էական ազդեցություն ունենա իրավիճակի հաղթահարման ելքերի վրա»։
Միաժամանակ հանրահավաքներ են ընթանում և՛ Հանրապետության հրապարակում, և՛ Ազատության հրապարակում, Արման Բաբաջանյանը հույս ունի, որ ցույցերը իրար չեն խանգարի․ «Հավատացած եմ, որ ողջամտությունը և լայնախոհությունը կգերիշխի նաև այնտեղ՝ Ազատության հրապարակում, հավաքվածների մոտ՝ թույլ չտալու, որ այդ հանրահավաքին հաջորդեն իրողություններ, իրադարձություններ, որոնք կարող են լարվածությունը ավելացնել։ Մեր գլխավոր պարտականությունը այստեղ ցույց տալն է, որ պետականությունը անպաշտպան չէ, Սահմանադրությունը անտեր չէ և որ զինված ուժերի Գլխավոր շտաբը կարևոր գործառույթներ ունի այս պահին, դա մեր սահմանների անվտանգությունը ապահովելն է։ Քաղաքականության մեջ նրանք ո՛չ անելիք ունեցել են, ո՛չ էլ, հույս ունեմ, կունենան ապագայում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ