«Ինչու չէի գալիս հավաքներին մինչեւ հիմա, որովհետեւ մի փոքր անհարմար էի ինձ զգում՝ բանակի պասիվության համար: Բայց այսօր շատ ուրախ եմ՝ վերջապես մեր բանակը զարթնեց ու որոշում ընդունեց: Հիմա լուրեր են գալիս, որ ինչ-որ զինված անձինք ուզում են գեներալների ձերբակալել: Ես չգիտեմ՝ ինչ կարգի ապուշ կարող են լինել, որ գնան այնտեղ ու ձերբակալեն զինվորականների: Նրանց ուղղակի կկապեն ու կբերեն այստեղ հրապարակ, ուրիշ ոչինչ չի լինի»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց գեներալ Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ ԳՇ-ի հայտարարությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց:
Խաչատուրովն ասաց, որ վերջերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին լսեց, որն ասել էր, թե կկրակենք. «Ես նրան լավ գիտեմ, ինքը չգիտի՝ որ դաշտում մնա: Մեկ մի տեղ է, մեկ՝ ուրիշ, մեկ՝ երրորդ, ու ոչ մի տեղ իրեն չի հաջողվում: Նա դժբախտ մարդ է: Նա ճակատում չի եղել, համազգեստը հագել է, մորուք պահել, իբր լավ տղա եմ… Չնայած 92-ին մի քիչ օգուտ բերեց բանակին, բայց դա վաղուց էր ու արդեն մոռացվել է»:
Կարդացեք նաև
Խաչատուրովը խոսեց 2016-ի ապրիլյան պատերազմի մասին՝ նշելով, թե հիմա խոսում են, իբր մենք ենք խնդրել դադարեցնել պատերազմը: Խաչատուրովը հայտարարեց, որ իր հոր գերեզմանի առջեւ է երդվում՝ երբեւէ թուրքի առաջ ոչինչ չի խնդրել. «Նրա՛նք են մեզ միշտ խնդրել: Նրանք են մեր մոտերքը եղել ու լսել, թե մենք ինչ կասենք»:
Խաչատուրովն ասաց, որ հիմա շատ դժվար կլինի բանակը վերականգնել, այնպես անել, որ մարդիկ ժպտան իրար նորից, ու Վազգեն Մանուկյանը կարող է դա անել, որովհետեւ համարձակ է, խելացի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ