«ԶՈՒ-ի հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Օնիկ Գասպարյանին, որին շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, գեներալ-գնդապետի կոչում, որին պատերազմի ժամանակ վերաբերվել եմ հարյուր տոկոս վստահությամբ, հիմա հասկանում եմ, որ շատ դրվագներում ճիշտ չեմ վարվել, որ հարյուր տոկոսով վստահել եմ»,-Հանրապետության հրապարակի ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ Օնիկ Գասպարյանին ազատելու է պաշտոնից։
«Օնիկ Գասպարյանն ուղղակի թող դիմում գրի, հրաժարական տա՝ գնա։ Այս ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան, պետք չի։ Զինված ուժերը, նաեւ նրանք, ովքեր ստորագրել են ԳՇ հայտարարությունը, պետք է զբաղվեն ՀՀ սահմանների եւ տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Օնիկ Գասպարյանը հեռանում է, կամ նախագահը ստորագրում է իմ հրամանագիրը, կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետեւ նա չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա։ Քաղաքական ուժերն էլ գալիս են խորհրդակցությունների: Կոչ եմ անում դադարեցնել անհնազանդությունները եւ գալ խորհրդակցությունների։ Հանրահավաք կանեն՝ մենք էլ կանենք։ Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեն՝ կձերբակալենք, ուղղակի՝ օրենքով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների թեման հանում է հրապարակում հավաքված ժողովրդի կոչով․ «Քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսվեմ, թե ինչպես հանգուցալուծել այս իրավիճակը։ Այո, թավիշին վերջ է դրվելու։ Դա նշանակում է՝ օրինականության հաստատում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ