Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ հրապարակի այս մարդկանց Նիկոլը չհավաքեց պատերազմի ժամանակ, որովհետեւ նրան բանակը պետք չէր». Սեյրան Օհանյան

Փետրվար 25,2021 17:24

«Այս պատերազմի ընթացքում բանակը որոշ ժամանակահատվածում մենակ էր մնացել: Այս ամենը արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման»,- այսօր Ազատության հրապարակում հավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց:

Սեյրան Օհանյանն ասաց. «Կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որեւէ հատկանիշ չունի: Դրա արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ: Մեր ողջ պատմության ընթացքում մեր կողքին կարմիր թելով անցել է մի շատ կարեւոր առանձնահատկություն՝ վտանգի պահին մենք միասնական ենք, հավաքական կամքի շնորհիվ ենք հաղթանակի հասել: Այս պատերազմի ժամանակ այս ապիկար իշխանությունները այդ առանձնահատկությունը հիմնովին ոչնչացրեցին: Նախորդ պատերազմի ժամանակ շարժման ղեկավարների մեկ ձայնով ամբողջ ժողովուրդը հավաքվեց»:

Սեյրան Օհանյանը նաեւ անդրադարձավ Հանրապետության հրապարակում վարչապետի աջակիցների հավաքին. «Չեմ մեղադրում որեւէ մեկին բազմակարծության համար, բայց ինչո՞ւ այդ նույնը չարեց պատերազմի ժամանակ այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը: Որովհետեւ նրան պետք չէր բանակը, իրեն պետք էր դա միայն ինքնագովազդով զբաղվելու համար: Ինքնագովազդով կարո՞ղ են պետություն կառավարել, իհարկե, ոչ»:

Օհանյանը նաեւ հիշեցրեց դեպի Եռաբլուր երթը. «Նա թեւ ու թիկունք չկանգնեց իր բանակին: Հիմնահատակ ջախջախել է մեր ժողովրդի միասնության գաղափարը այս պատերազմի ժամանակ: Ես չեմ զարմացել, որովհետեւ այդ ամենը իրականացրել է 2,5 տարվա ընթացքում՝ պառակտելով մեր հասարակությունը, բաժանելով սեւերի եւ սպիտակների, հների ու նորերի: Չհասկանալով, որ հին զինվորական ծառայության մեջ կային փորձառու անձնավորություններ: ՀՀ ԳՇ պետի առաջին տեղակալին հենց այնպես՝ կարծիք արտահայտելու համար ազատում են պաշտոնից: Սկզբում ազգային հերոսի կոչում են տալիս, հետո՝ ազատում: Չհասկանալով, որ երբ արցախյան առաջին ազատամարտը սկսվեց, նույն ԳՇ պետի տեղակալը 19 տարեկանում թողելով իր ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում, զենք վերցրեց ու գնաց պատերազմի: Ո՞ւր էր այդ ժամանակ նույն Նիկոլը՝ թաքնվելով եղբայրների հետեւում, ասելով, որ ես սովորում եմ: Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը ու գնայիր, բազմաթիվ ուսանողներ ջոկատներ կազմելով գնացին պատերազմի: Հիմա սուտ հայրենասիրություն ես խաղում»:

Սեյրան Օհանյանը խոնարհվեց գեներալների, սպաների առջեւ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728