Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «2 տարի մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, մինչդեռ մերժվածն ասաց հպարտորեն, որ պատրաստ էր 7 շրջանները հանձնել»

Փետրվար 25,2021 17:16

«17-ի այսպես կոչված վարչապետի թեկնածուն ասում է, որ դեռ հոկտեմբերին զանգում էր գեներալներին եւ կոչ անում իշխանություն վերցնել․․․նրանք բանակին կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ․․․սա է տեղի ունեցել։ Զինվորի հացը գողացողը եկել եւ զինվորի աշխատավարձ բարձրացնողին մեղադրում է դավաճանության մեջ»,-Հանրապետության հրապարակի ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Երկու տարի մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, մինչդեռ մերժվածն ասաց հպարտորեն, որ պատրաստ էր յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին։ Բա որ ամեն ինչ արդեն պայմանավորվել էիք եւ համարում էիք դա լավ լուծում, ինչո՞ւ եք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ։ Խոստովանեիք ժողովրդի առաջ, որ հասել եք ամեն ինչ հանձնելու կետին։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, արժանապատվությունը, հայրենիքը։ Եվ մենք հենվել ենք բանակի վրա, հավատացել նրան եւ այսօր էլ հավատում ենք։ Համոզված եմ՝ ժողովուրդը թույլ չի տա բանակին ներքաշել քաղաքական գործընթացում»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրավիճակի հանգուցալուծմանը․ «Հետպատերազմական սթրեսի մեջ ենք։ Ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունությունից։ Երկրում ժողովրդի իշխանությունը չպետք է կասկածի տակ դրվի։ Բռնության, սադրանքի, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ժողովրդի կողմից։ Բայց անկեղծ ասեմ։ Ձեր մոտ հարց կծագի։ Պատերազմից հետո ես չեմ մտածե՞լ, որ պետք է հրաժարական տամ։ Մտածել եմ, անկեղծ ասեմ։ Շատ եմ մտածել, բայց ասել եմ մի բան՝ իմ կամքով չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ։ Ժողովուրդն է դա որոշել, եւ նա էլ իմ հեռացման հարցը պետք է որոշի։ Մենք արտահերթ խորհրդարանական ուժերին առաջարկեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց նրանք եւ 17 ուժերը որոշեցին մերժել եւ ժողովրդի փոխարեն որոշել, ինչը մենք թույլ չենք տալու»։

Փաշինյանի բնորոշմամբ՝ ով վեր է կենում, իր հրաժարականն է պահանջում․ «Նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, հրապարակում ինձ գնդակահարի․․․Այնպես չէ, որ մենք չենք սխալվել, բայց իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ․․․այո, ճիշտ եք ասում։ Դա եղել է ոչ թե այն պատճառով, որ անխելք ենք․․․հեղափոխություն անելիս ասել ենք, որ բոլորը շանս պետք է ունենան, որ վենդետա չի լինելու, բայց ով ոնց կարողացել՝ մեզ թիկունքից խփել է՝ դատավորները, պետական պաշտոնյաները․․․պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին բոլորիս պարտությունը, որ ամսի իննին մտնեին այս շենք եւ ժողովրդի իշխանությունը վերցնեին։ Մենք ամեն ինչ արել ու երազել ենք հաղթանակի համար, իսկ նրանք՝ պարտության։ Նրանք մտել են զինվորների մեջ, ասել՝ հողերը ծախած են, ինչի՞ եք կռվում, փախեք․․․փախնողները եկան հրապարակ եւ գրոհեցին կառավարության շենքը։ Սա է ճշմարտությունը»։

Դառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանը պնդեց, որ առաջարկն ուժի մեջ է․ «Եկեք իրար հետ օրն ու ժամը որոշենք։ Եկեք այդ թեմայով կոնսուլտացիաներ սկսենք»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    կը բաւէ քեզմէ նախկիններուն սխալներուն ետեւը պահուըտիս։ հեռացի՛ր եւ նորերը կու գան։ ի վերջոյ, պրն. Աբրահամեանին ըսածին պէս՝ մեր ազգը միայն թալանչիներէ եւ անհաւասարակշիռներէ, ես աւելցնեմ՝ ստախօսներէ բաղկացած չէ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728