Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա հեղաշրջում չի, բանակն ունի սահմանադրական իրավունք նշելու Հայաստանի թիվ մեկ թշնամուն ու բանակը նշեց, ասաց՝ դա Նիկոլ Փաշինյանն է». Վազգեն Մանուկյան

Փետրվար 25,2021 16:56

Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց: Հրապարակը բազմամարդ է ու պատրաստ են անգամ գիշերել այնտեղ, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

Շարժման անդամները վստահեցնում են, որ բանակի հետ են ու այսօր Հայաստանի գլխավոր «չարիքից» պետք է ազատվեն. «Պարոնայք սպաներ, մենք կանգնած ենք ձեր թիկունքին, որովհետեւ մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը միայն դուք եք, որ կարող եք պաշտպանել եւ ոչ թե կապիտուլյանտը»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Նա հորդորեց ցուցարարներին հեռախոսը վերցնել, զանգել հարազատներին, ընկերներին, կանչել Ազատության հրապարակ, քանի որ այսօր վճռական օր է, մեր երկիրը պետք է ուղղի ողնաշարը, ազատ շնչի ու վերականգնի իր արժանապատվությունը:

Ելույթ ունեցավ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ասելով, որ Փաշինյանի ձեռագիրն է մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանել ու բախումներ հրահրել: Նա կոչ արեց քաղաքացիներին զսպվածություն ու վճռականություն ունենալ. «Գործն արդեն վերջանում է: Վերջանում է առաջին փուլը, որ մենք Նիկոլ Փաշինյանին դեն կշպրտենք ու գալիս է երկրորդ փուլը՝ վերականգնելու մեր հայրենիքը, դարձնելու ազատ, արդար, հզոր Հայաստան»:

Նա ողջունեց բանակի քայլը՝ ասելով, որ այսօր բանակի ու ժողովրդի միասնության օրն է. «Սա հեղաշրջում չի: Բանակն ունի սահմանադրական իրավունք նշելու Հայաստանի թիվ մեկ թշնամուն ու բանակը նշեց, ասեց՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Այսինքն, մեր անվտանգության ամենամեծ թշնամին նա է, որ պետք է հեռացվի ու գնա»:

Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, որ միանան բանակին ու միանման հայտարարություն անեն:

Նա կոչ արեց նաեւ «Իմ քայլի» պատգամավորներին, որոնց մի մասն ընկել է ծուղակի մեջ, դուրս գալ այդ խմբակցությունից ու այդ սեւ բիծը չվերցնել իրենց վրա:

Ի դեպ, ընդդիմության պատգամավորները դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ այսօր ժամը 18-ին արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728