«Որպես ՀՀ ժողովրդի ընտրված վարչապետ՝ իմ հրամանը բոլոր զինվորներին, սպաներին եւ գեներալներին։ Պարոնայք, զբաղվում եք ձեր գործով։ ՀՀ սահմանների եւ տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Սա իմ հրամանն է եւ որեւէ մեկը չի կարող համարձակվել դրժել այն»,-Հանրապետության հրապարակում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց, թե ինչ է եղել այսօր․ «Այո, մեր բանակին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական գործընթացում, եւ ես գնահատել եմ, որ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր, եւ ժողովուրդը ՀՀ-ում ռազմական հեղաշրջում թույլ չի տա։ Ժողովուրդ ջան, մեր բանակը մերն է, մեր սիրելի, պաշտելի։ Համոզված եմ, որ շատ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների, ըստ էության, հրամանի ներքո։ Էլի ասեմ, որ իրենց իմ ասելիքը մեկն է՝ զբաղվում եք ՀՀ սահմանների պահպանմամբ։ Դուք պիտի անեք ձեր գործը։ Բանակը չի կարող էտ նայել, չի կարող թիկունքին նայել, չի կարող ներքաշվել ներքաղաքական գործընթացում։ Բանակը պետք է ենթարկվի միայն ժողովրդին եւ ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը։ Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, անվտանգության։ Պահանջում եմ, որ անգամ այն բարձրաստիճան սպաները, որոնք լքել են իրենց ծառայության վայրերը, հիմա վերադառնան եւ ապահովեն երկրի անվտանգությունը»։
Փաշինյանի խոսքով․ «Ցավոք, այն իշխանությունը, որ երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռ ունի ՀՀ ԶՈՒ-ում մի քանի կամակատարներ, որոնք անմիջապես պետք է հեռանան։ Նրանք հրապարակներում մեզ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ Բա ի՞նչ գործ ունի այսքան մարդ դավաճանի կոչով հրապարակում։ Նրանք այսքան մարդու են ուզում մեղադրել դավաճանության մեջ»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ