Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին թալանչիներին թույլ չենք տալու վերադառնան»․ Շիրակի մարզից քաղաքացիները շարժվում են մայրաքաղաք

Փետրվար 25,2021 16:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու հայտարարությունից անմիջապես հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ՖԲ էջում շիրակցիներին կոչ արեց միասին շարժվել Հանրապետության հրապարակ։

«Հարգելի՛ Շիրակցիներ, այսօր ժամը 13:45-ին Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ` կանխելու նախկին կոռումպացված համակարգի և թալանչիների վերադարձը»,-գրել էր նա։

Կարեն Սարուխանյան

Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կոչին միացել են մեծ թվով բնակիչներ Շիրակի մարզի տարբեր համայնքներից։

«Ժամ ասացինք, այդ ժամին Վարդանանց հրապարակում հավաքվեցինք, բազմաթիվ քաղաքացիներ նաև զանգահարեցին և գրեցին, տեղեկացրեցին, որ վարչապետի կոչից հետո արդեն իսկ շարժվել են Երևան։

Մեզ միացան Ազատան համայնքից, Արթիկից, Մարալիկից, Աշոցքից, Ոսկեհասկից, կարելի է ասել մարզի բոլոր բնակավայրերից։ Այս պահին ճանապարհին ենք, վարչապետի կոչով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ։ Վարչապետը մեծ թվով համակիրներ ունի․ վստահ եմ, որ այսօր Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն կլինի»,-ասաց պատգամավորը։

Հարցրեցինք՝ մոտ քանի՞ հոգով եք շարժվում Երևան։

«Թվաքանակ ես էլ չեմ կարող ասել, որովհետև շատերը ճանապարհին են, շատերն արդեն տեղ են հասել, այնպես չէ, որ բոլորս մի տեղից ենք շարժվել»,-ասաց պատգամավորը։

Մեր հարցին՝ արդյո՞ք Զինված ուժերի ԳՇ-ի՝ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը կարելի է համարել զինված հեղաշրջման փորձ, Կարեն Սարուխանյանն ասաց․ «Այո՛, քաղաքական հայտարարություն է արվել ԳՇ-ի կողմից և միանշանակ հեղափոխության, հեղաշրջման կոչ է, փորձ է»։

Հարցին՝ որևէ ցուցապաստառ վերցրե՞լ եք ձեր հետ, ունե՞ք լոզունգ պատգամավորն ասաց․ «Մեր լոզունգը ՀՀ Սահմանադրությունն է, որով հստակ ասվում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն է իրացնելու իր իշխանությունը։ Թույլ չենք տալու նախկին թալանչիներին, կոռումպացվածներին վերադառնալ»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728