Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնն ունի պրեմիերաներ եւ բենեֆիսային ներկայացում». Մարիաննա Մխիթարյան

Փետրվար 25,2021 15:12

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տարվա ընթացքում սպասվում են բազմաթիվ պրեմիերաներ: Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց, որ թատրոնը ոչ մի վայրկյան չի դադարեցրել իր աշխատանքները նույնիսկ համավարակի ժամանակ: Օգոստոսին ունեցել են առաջնախաղ, ապա, երբ պատերազմն է սկսվել, ընդունել են Արցախի փոքրիկներին: Առաջնախաղ են ունեցել նաեւ տարվա վերջին` «Մարդիկ գազաններ, զգացողություններ» ներկայացումը` ըստ Դոն Նիգրոյի համանուն գործի:

Այժմ` մարտի 20-21-ին թատրոնը պատրաստվում է նոր առաջնախաղի: Գաբրիել Գարսիա Մարկեսի գործի հիման վրա երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը բեմադրել է ներկայացում, որը կոչվում է «Չսեր»:

«Ես կարծում եմ, որ դա մեր հանդիսատեսին շատ կգրավի, հատկապես երիտասարդ հանդիսատեսին կգրավեն կրքերը, հուզումները, ներքին պայքարը»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը: Ապա հավելեց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ էլ կներկայացվի Մոլիերի «Սկապենի արարքները» դասական գործը, որտեղ զբաղված է թատրոնի երիտասարդ կազմը: Մարիաննա Մխիթարյանը կարծում է, որ նման կատակերգությունը կհետաքրքիրի հանդիսատեսին:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը այլ անակնկալներ էլ ունի, դարձյալ գեղարվեստական ղեկավարի բեմադրությամբ թատրոնը կներկայացնի «Ծիծաղի ակադեմիան», որտեղ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Մանվել Խաչատրյանը:

«Կարծում եմ, որ դա նույնիսկ կլինի բենեֆիսային ներկայացում երկու արտիստների համար»,- համոզված է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը:

Հունիսին Իռա Հարությունյանի բեմադրությամբ նոր տարբերակ կներկայացվի մի ներկայացման, որը տարիներ առաջ մեծ հաջողություն է ունեցել թատրոնում: Խոսքը «Ինչ տեսավ սպասավորը» ներկայացման մասին է, որից հետո թատրոնն արձակուրդ կգնա:

Մարիաննա Մխիթարյանը փաստում է, որ իրենց ծրագրերը շատ խիտ են: Նաեւ հավելում է, որ այս դժվարին օրերին թատրոնը կարողացել է վերազինվել ձայնային սարքավորումներով, ինչ-ինչ փոփոխություններ արել. «Մեր հանդիսատեսը զգում է դահլիճի ջերմությունը, որովհետեւ մեր հովացման, ջեռուցման եւ օդափոխության սարքավորումներն են արդեն գործում: Հանդիսատեսը կարողանում է ավելի հաճելի եւ գրավիչ մթնոլորտում դիտել ներկայացումը»:

Մարիաննա Մխիթարյանը կրկին շեշտեց, որ համավարակից հետո վերաադապտացվելու խնդիր դերասանները չունեն, որովհետեւ վայրկյան անգամ կանգ չեն առել, եւ համավարակի ժամանակ օգոստոսի 20-ին բակի պայմաններում ունեցել են ներկայացում: Կայացել է ըստ Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա» պիեսի բեմադրության առաջնախաղը, որի բեմադրիչն է Գոռ Մարգարյանը: Այդ Ներկայացումը նվիրված էր երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին, որն անցյալ տարվա օգոստոսի 20-ին կդառնար 84 տարեկան: Այդ ներկայացումն այժմ տեղափոխված է մեծ բեմ` դահլիճ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728