Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից

Փետրվար 25,2021 15:16

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ  որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:

ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:

ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:

Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728