Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։
Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։
Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։
Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»։
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին