«Մեր բանակը, զինված ուժերը երբեք որևէ քաղաքական գործընթացի մեջ չեն եղել. դա լավ է, մենք դրանով հպարտացել ենք: Ցավոք, վերջին իրադարձությունները՝ պատերազմի ընթացքն ու հետագա զարգացումները, պետության ապաշնորհ ու կազմաքանդող գործողությունները բերել են նրան, որ ես շատ լավ հասկանում եմ մեր զինվորականների հոգեվիճակն ու քաղաքացիական քայլը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը և ղեկավարին հրաժարական տալ: Նիկոլ Փաշինյանը ԳՇ այս հայտարարությունը որակեց հեղաշրջման փորձ:
«Սա հեղաշրջում չէ: Սա ամեն օր քայքայման գնացող պետությանն ահազանգ է, որ քայքայումը հասել է բանակին: Զինված ուժերի այս կոչն ուղղված է քաղաքացիներին, որ ուշքի գան, որովհետև կորցնում ենք պետության ամենավերջին հենասյունը՝ բանակը: Նիկոլ Փաշինյանը քանդեց եկեղեցին, հիմա էլ բանա՞կը»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ զարգացումներն այսօր այնպիսի ընթացք են ստացել, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան զինվորականների ու բանակի վերաբերյալ անհասկանալի հայտարարություններ է անում, «քիթը խոթում է այնտեղ, որտեղ կապ չունի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա խոսել էր «Իսկանդերի» 10% կրակելու մասին՝ Արտակ Զաքարյանը տարակուսեց, որ նա անգամ հայտարարություններ է անում օպերատիվ մարտավարական նշանակության զինատեսակների մասին, որոնք աշխարհում բացի դաշնակցից՝ միայն մենք ունենք, այսպիսով բանակին դնելով վատ վիճակի մեջ: Մինչդեռ, ըստ Արտակ Զաքարյանի՝ այդ նույն բանակը հետագայում դաշնակցի հետ պիտի քննարկի մեր բանակի, զենքերի հետագա մատակարարումները. «Եվ էդ գործընկերները հարցնելու են՝ կարո՞ղ է էս զենքն էլ տանեք անուն դնեք»:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի՝ այս իրադրության մեջ ամենակարևորը հետագա զարգացումներն են լինելու: Նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց սադրանքների չտրվել: Իր գնահատմամբ՝ սադրանքների կոչեր անում է իշխանությունը. «Ի՞նչ է նշանակում իր կողմնակիցներին հրավիրել հրապարակ՝ բացատրելու. նա այնքան է բացատրել, որ արդեն ոչ ոք իրեն չի հասկանում: Նրա բացատրությունները միայն հակասություններ են՝ խառնաշփոթ, որոնք այս 3 տարում մեր պետությունը դարձրին քաոս: Բոլոր քաղաքական ուժերը, նախագահը, Վեհափառները, ԲՈՒՀ-երը, տարբեր կազմակերպություններ, զինվորականներ պահանջում են նրա հրաժարականը, և այս պահանջին հակադրել ադմինիստրատիվ ռեսուրսով հավաքել մարդկանց՝ չի կարելի: Նրան թվում է, թե ոստիկանության միջոցով բախումներ կստեղծի, նույն ոստիկանությամբ կճնշի ու անունը կդնի ընդվզում, կամ ավելի վատ՝ հեղաշրջում: Ես ուզում եմ բոլորին ասել, որ ռազմական հեղաշրջումն այսպես հրապարակային չի լինում: Սա կոչ է քաղաքացիներին, հասարակությանը, որ այսպես կորցնում ենք մեր պետությունը, չի կարելի այսպես շարունակել:
Մենք ունենք մեկ խնդիր, դրա անունը Նիկոլ Փաշինյան է: Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանանք: Չի կարելի անվերջ ձգել այս ռեզինը, որի պատռվելուց մենք կկորցնենք պետականությունը»:
Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ անկախ նրանից, թե ԳՇ-ն ինչ է հայտարարում՝ բանակի խնդիրն է ապահովել մեր արտաքին, իսկ ոստիկանությանը՝ ներքին անվտանգությունը:
«Այսքան զոհերի, անհետ կորածների, գերիների պարագայում, մենք իրավունք չունենք վտանգել մեզանից յուրաքանչյուրի, մեր երեխաների, մեր պետության ապագան: Մենք պետք է սառը կերպով գնահատենք իրավիճակը և չտրվենք տարատեսակ կոչերի:
Ես չեմ բացառում, որ այսօր մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ գտնում են, թե Նիկոլը լավ վարչապետ է: Բայց նրանք նույնպես պիտի փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ է վերջապես այսքան մարդ ու կազմակերպություն ուզում, որ Նիկոլը հրաժարական տա:
Մենք պետք է ունենանք լավ որակով իշխանություն, այս իշխանությունը լավ որակով չէ և նրանց պատճառով է, որ մենք հայտնվել ենք այս վիճակում: Նիկոլի հետևից գնալ նշանակում է Հայաստանում խորացնել իրավիճակը: Նիկոլի կոչերը տանում են բախման, իսկ նրանում, որ նա պատրաստ է բախման՝ ես չեմ կասկածում»,- ասաց Արտակ Զաքարյանը
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ