Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Աբու Դաբիում IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությանն ու հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությանը, նշեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ ով է պատասխանատու այս խնդրի համար։
Նախարարն ասաց, որ ցուցահանդեսին միասնական տաղավարով հայկական 14 ընկերություններ են մասնակցում՝ 45 մասնակիցներով․ «Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն եւ մեր տաղավարը լավագույններից է, եւ դա ոչ միայն մեր գնահատականն է։ Այո, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, եւ որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են, որոշ փորձանմուշների մեծ մասի մասով խնդիր ենք ունեցել, եւ ըստ էության, տարբեր պատճառներ են եղել, ծառայողական քննության ընթացքում կհայտնաբերվի՝ պրոֆեսիոնալ սխալներ կամ դիտավորություն եղե՞լ են, թե՞ ոչ»։
Թե կոնկրետ ով է պատասխանատու, որ ցուցանմուշները տեղ չեն հասել, նախարարը ոչինչ չասաց, նշելով, որ ձեռքի տակ չկան այդ ընկերությունների անունները, որոնց պատվիրվել է այդ գործառույթը։
«Նմանատիպ ապրանքների լոգիստիկան բավականին ռիսկային է եւ բոլորը դրա մասին գիտեն։ Երկակի նշանակության որոշակի ապրանքներ են պարունակում, նմանատիպ խնդիրներ միշտ լինում են։ Բայց բազմաթիվ երկրներ ներկայացվում են հենց այնպես, ինչպես ներկայացվում է մեր երկիրը հիմա այդ ցուցահանդեսում, եւ մեծ հաշվով, դա նույնպես ներկայանալու ֆորմատ է»,-ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Պարոն Արշակյանն ասաց, որ այդ ցուցահանդեսին պետք է ներկայացնեին օպտիկական դիտարկման նոր մշակումներ, որը, նրա ներկայացմամբ՝ լուրջ չափանիշներ ունեն, ականորսիչներ եւ այլ տեսակի ապրանքներ։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ