ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հետեւել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ եկել Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։
Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց նկատառմանը, թե վարչապետի նման կոչը կարող է բախումների բերել․ «Չեմ կարծում, որ քաղաքացիական պատերազմի մասին խոսք կարող է լինել։ Երբ ես ընդունել եմ նախարար դառնալու առաջարկը, ընկալել եմ այն բոլոր վտանգները, հարցերը, որոնք կարող են առաջանալ»։
Ապա Քերոբյանը հերքեց տեղեկությունները, որ նախարարությանը հրահանգվել է աշխատակիցներին բերել Հանրապետության հրապարակ։
Կարդացեք նաև
Թե ով է բախումների դեպքում պատասխանատու լինելու, Վահան Քերոբյանը նշեց․ «Մեր ազգն ունի բավարար իմաստություն, որպեսզի որեւէ բախում չհանդուրժի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ