«Գրառմանս իմաստն այն է, որ մեր բոլոր կողմնակիցներին՝ հեղափոխության, ժողովրդի իշխանության կողմնակիցներին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ հենց հիմա։ Այսինքն, ես ուզում եմ ձեր հետ խոսել եւ խոսել անմիջապես։ Գիտեք, որ բավականին բարդ վիճակում ենք»,-քիչ առաջ «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։
«Ես երեկ եւ այսօր որոշումներ եմ կայացրել՝ պաշտոնից ազատել ԳՇ պետի առաջին տեղակալին եւ ԳՇ պետին։ Այսինքն, թղթերն արդեն ստորագրել եմ, որին հետեւել է ԳՇ պետի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են հրաժարականս»,-նշեց Փաշինյանը։
Ըստ նրա․ «Կարեւոր է արձանագրել, թե ինչն է նրանց այս քայլի պատճառը։ Ես դա կասեմ հրապարակում։ Ամենակարեւոր խնդիրն այսօր ժողովրդի իշխանությունը պահպանելն է, որովհետեւ տեղի ունեցողը ռազմական հեղաշրջման փորձ է։ Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա եւ փորձել ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ, բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, բոլոր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել։ Եթե ուզում ենք պատերազմի մասին ողջ ճշմարտությունն իմանալ, մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ։ Բայց մեր որոշ հարգելի զինվորականների եւ գեներալների դուր չի գալիս, որ հանրությունը եւ կառավարությունը հարցեր ունեն մի քանի մարտական դրվագների վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ