Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրականացման գործընթացում մենք մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ»

Փետրվար 25,2021 12:08

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կիրականացնի ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձեւավորումը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց նոյեմբերի 18-ին հրապարակած իր ճանապարհային քարտեզի 8-րդ կետը՝ ԶՈՒ բարեփոխումների ծրագրի հաստատում եւ մեկնարկ․ «Վերջին ամիսներին ակտիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել, եւ ըստ էության, ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես եւ ինչպիսի ձեւաչափերում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը»։ Վարչապետն ասաց, որ այսօր մտադիր է ստորագրել որոշում նշված աշխատանքային խումբը ձեւավորելու վերաբերյալ։

«Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այս գործընթացում մենք մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ եւ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այս համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Ես հույս ունեմ, որ մինչեւ ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը՝ մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծ մասն կիրականացնենք եւ գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումն ու որոշումների իրագործումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադառնալով Աբու Դաբիում IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությանը, ասաց․«Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձեւաչափի հետ կապված, եւ ցուցանմուշների տեղ հասնելու կապված խնդիրներ են առաջացել։ Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն եւ դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն եւ պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ իհարկե, մեր պաշտոնյաները անելիքի մեջ թերացել են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728