Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի հետ
– Ամիսներ առաջ, երբ հայտարարեցիք, որ գնումների պլանում «Իսկանդերի» հրթիռների գնման մասով էիք ուզում փոփոխություն անել, ի՞նչ նկատի ունեիք։
– Ամեն դեպքում՝ պնդում եմ, որ այդ հայտարարությունները մեկը մյուսի հետ կապ չունեն, դա նոր հրթիռների ձեռքբերման մասին էր խոսքը։ Ես ասել եմ, որ ուզում էինք փոփոխություն անել, միգուցե ես նկատի ունեի, որ ուզում ենք ավելացնել այդ հրթիռների քանակը, ոչ թե տեսականի փոխել, ես փակագծեր չեմ բացի, որովհետեւ դա ռազմական գաղտնիք է։
– Փաշինյանն ասաց նաեւ, որ վարչապետ դառնալուց հետո հեղափոխական մոտեցումներ չի դրսեւորել բանակում, պահպանողական քաղաքականություն է վարել․ «Այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018 թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական եւ շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 եւ ավելի տոկոսով»։ Եթե ավելի պարզ՝ ասում էր, որ զինտեխնիկայի գնման առումով շարունակել են նախկինների քաղաքական ու դիվանագիտական գիծը։ Բայց չէ՞ որ իմացանք, որ անպիտան ՍՈՒ–եր են գնել, նախկինում է՞լ է նման բան եղել։
Կարդացեք նաև
– Իսկ ի՞նչ նկատի ունեք «հեղափոխական փոփոխություններ» ասելով․․․ Ես ԳՇ-ի մասով միայն կարող եմ ասել, որ ե՛ւ սպառազինության ներկրման առումով, ե՛ւ մարտունակության առումով աշխատանքներ են տարվել, եւ եթե դրանք չարվեին, միգուցե արդյունքներն ավելի բացասական լինեին։ Ավելի շատ միջոցներ են հատկացվել մարտական պատրաստվածության համար, զենք-զինամթերք ռեսուրսներ, ավելի շատ սպառազինության ռազմական տեխնիկա է ներկրվել այդ ժամանակահատվածի համեմատ, զորավարժությունների քանակն է ավելացել։ Իհարկե, խորքային շատ խնդիրներ չենք կարողացել հաղթահարել, մասնավորապես, դա ցածր սպայական կազմի համալրման խնդիրն էր եւ այլն, որոնց համար ոչ թե երկու, այլ 6-8 տարի է պահանջվում, սպան պետք է ընդունվի ռազմական ուսհաստատություն, 4-5 տարի սովորի, գնա 1-2 տարի ծառայի եւ այլն։
Ի վերջո, չմոռանանք, որ պատերազմը երկկողմանի բնույթ է կրում, եւ ամեն ինչ չէ, որ մեր բանակի մարտունակությամբ է միայն որոշվում, դա որոշում է նաեւ հակառակորդի բանակի մարտունակությամբ։ Պատերազմը միայն ԶՈՒ-երի խնդիրը չէ, առաջին հերթին պետության տնտեսություններն են միմյանց դեմ պատերազմում։
– Իսկ դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը։
– Մնացածը դրան է ածանցվում՝ դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքականություն եւ այլն, բայց, մեծ հաշվով, տնտեսությունները եւ մարդկային ռեսուրսներն են մտնում հակադրության մեջ։ Միանշանակ պնդել, որ Հայաստանն իր մարդկային ռեսուրսներով եւ տնտեսությամբ կարող է դիմակայել մուսուլմանական համահավաք նման ուժին, շատ դժվար էր… Եթե Ադրբեջանը լիներ միայնակ, ես վստահ եմ, որ արդյունքն այլ կլիներ։
– Դասական կանոն է՝ պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ դիվանագիտությունն է պարտվում։
– Հիմա Դուք դա ինձ ինչի՞ եք ասում։ Կամ՝ անվերջ շահարկում են, թե իբր Արծրունն ամեն օր ասում էր, թե հաղթում ենք։ Լավ, Արծրունն ամեն օր ասեր, որ պարտվո՞ւմ ենք։
– Ուզում եք ասել, որ մենք էլ չենք պարտվել։
– Եկեք մյուս կողմից հարցին նայենք՝ Ադրբեջանն իր առջեւ դրված խնդիրները կատարե՞ց, քանի հայը կա Ղարաբաղում, ուրեմն Ադրբեջանը խնդիրներ ունի։ Սա է խնդիրը։ Այո, ինքը որոշակի հաջողությունների հասավ, մենք ունեցանք անհաջողություններ։ Շատ ներողություն, եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ։
– Մի շտապեք, հատկապես, որ շատ հեռու չէ ադրբեջանական դրոշը, ընդամենը մի 5 կիլոմետր։
– Ես չեմ շտապում, եւ ընդունենք՝ 1 կիլոմետր է, հարցը դա չէ․ իրավիճակը կարող է մեկ տարի հետո փոխվել, 5 տարի, 10 տարի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: