Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում, այո՛, հանքարդյունաբերությունը դառնում է մի տեսակ փրկօղակ». Գևորգ Պապոյան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 25,2021 10:24

«Ամուլսարի հանքը բացելու հավանականություն կա եւ այն մեծ է». 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սրանով վարչապետը կրկին բորբոքեց բանավեճը՝ թույլատրե՞լ, թե՞ արգելել հանքի շահագործումը: Նմանատիպ հայտարարություն Փաշինյանն արել էր նաեւ 2019-ի օգոստոսին, որը բուռն հակազդեցություն էր առաջացրել: Տարածքի բնակիչները, մի խումբ բնապահպաններ նախ բողոքի ակցիաներ, այնուհետեւ նաեւ շուրջօրյա հերթապահություն սկսեցին հանքի մոտ՝ թույլ չտալու դրա շահագործումը: Բնապահպանների գլխավոր փաստարկն այն էր, որ հանքի շահագործումը մեծ վնաս է հասցնելու Ջերմուկին, Սեւանին:

Վարչապետն էլ, վկայակոչելով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ նախապատմությունը, իրեն ներկայացված փաստերը, փորձագիտական գնահատականները եւ հիշեցնելով նախկինում իր արած հայտարարությունները եւ գնահատականները, վստահեցնում էր, որ այդ պահի դրությամբ կառավարության ունեցած տեղեկատվությունը հստակ է՝ հանքի շահագործումը չի վնասում Սեւանին եւ Ջերմուկին:

Զրուցեցինք նաեւ «Իմ քայլը» խմբակցության Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանի հետ.

– Պարոն Պապոյան, մինչեւ վերջերս հայտնի էր, որ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ տարակարծությունների պատճառով Ամուլսարի հանքի շահագործման որոշումը սառեցված է: Փաշինյանը երեկ կրկին խոսեց այդ թեմայից: Քաղաքական որոշում կա՞ հանքը շահագործելու:

– Ոչ, մեր քաղաքական որոշումը կախված է եղել այդ տնտեսական եւ բնապահպանական գործոնների իրար հետ համադրումից: Պատկերացրեք, կշեռքի նժար, մի կողմում տնտեսական օգուտներ են, մյուս կողմում՝ բնապահպանական վնասներ: Երբ որ այդ համեմատության մեջ դու տեսնում ես, որ տնտեսական օգուտները ակնհայտորեն շատ ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները, բնականաբար դու պետք է գնաս այդ ճանապարհով: Եվ կյանքը ցույց տվեց, որ վերջին պատերազմում, ըստ էության, հակառակորդի հաջողության հիմնական գործոններից մեկն այն էր, որ ինքն իր բնական ռեսուրսները վաճառել էր, եւ այդ բնական ռեսուրսների վաճառքի մի մասով ռազմական տեխնիկա էր գնել, որը օգտագործեց Հայաստանի ու Արցախի դեմ: Հիմա, եթե մենք ունենք նմանատիպ ռեսուրսներ, մենք չենք կարող այդպիսի ռեսուրսների կողքով ուղղակի անցնել ու չնկատելու տալ՝ հաշվի առնելով այն ընդհանուր ռիսկերը, որ կան:

Հիմա մեզ գումար է պետք, չէ՞, որպեսզի էս երկրում, օրինակ գերժամանակակից բանակ ունենանք, որը մարտահրավերներին կհամապատասխանի: Մեզ գումար է պետք, չէ՞, որ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական ծանր հետեւանքները հաղթահարենք: Մեզ գումար է պետք չէ՞, որ կարողանանք նոր աշխատատեղեր ստեղծել, մարդիկ այստեղ ապրեն: Մեզ ծնելիության զարգացման համար անհրաժեշտ է գումար, որ մարդիկ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխան ունենան: Հիմա այդ փողերը շատ հաճախ, այո՛, մեր նման երկրներում հանքարդյունաբերությունից են գալիս: Եվ կան զարգացած բազմաթիվ երկրներ, որ տուրիստական կենտրոնները եւ հանքերը իրար հարեւանությամբ են՝ Նոր Զելանդիա, Ավստրալիա, Չեխիա, ԱՄՆ… Եվ եթե դու կարողանում ես լավ կառավարել, այո՛, բնապահպանական ռիսկերն էլ ես կարողանում չեզոքացնել, կամ մաքսիմալ չեզոքացնել, մյուս կողմից էլ կարողանում ես միլիարդավոր դոլարների եկամուտները գեներացնել՝ դրանով ստեղծելով մարտունակ բանակ, առողջ հասարակություն: Առողջապահության վրա հարյուրավոր միլիոն դոլարների գումարներ ես ներդնում, կրթության վրա ես կարողանում ներդնել…

Եթե պատերազմը չլիներ, կհապաղեի՞ք հանքի շահագործման որոշում կայացնելիս:

– Պատերազմից առաջ վարչապետը մի այսպիսի բան ասաց. պատկերացրեք պատերազմ է լինում, երկրում զբոսաշրջիկ չկա, դոլարը որտեղի՞ց է գալիս, արտարժույթը որտեղի՞ց է գալիս: Կամ պատկերացրեք մի վիճակ, երբ ինչ-որ ապրանք ես արտահանում եւ պատերազմի ժամանակ փակում ես ճանապարհը, ասում ես արտահանում չկա, որովհետեւ ճակատի համար է: Այսինքն արտահանումդ էականորեն կրճատում ես, զբոսաշրջիկներ չկան, դրա փոխարեն էականորեն ավելացնում ես ներմուծումդ, ի՞նչ է լինում քո հետ: Հանքարդյունաբերությունն է, որն ապահովում է կայուն դոլարներ, որպեսզի դու դրանով զենք գնես, որպեսզի դու դրանով տնտեսությունը պահես, թոշակներ ու աշխատավարձ վճարես, եւ նաեւ պատերազմի սոցիալական ու տնտեսական վնասները հաղթահարես: Այնպես որ, այս իրավիճակում այո՛, հանքարդյունաբերությունը դառնում է մի տեսակ փրկօղակ:

Այսինքն այս որոշման կայացման գործում պատերազմը դեր ունեցել է:

-Այս որոշման կայացման հիմքում ազգային պետական մտածողությունն է: Փորձել մաքսիմալ պահպանել բնությունը, փորձել մաքսիմալ պաշտպանել շրջակա միջավայրը, միեւնույն ժամանակ եթե երկիրը հնարավորություն ունի միլիարդավոր դոլարներ ներգրավել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել, հարյուր միլիոնավոր դոլարների հարկեր գեներացնել, ապա դա անել:

Բայց քանի դեռ չկար պատերազմը, չէիք կայացնում Ամուլսարը շահագործելու որոշումը:

– Քանի դեռ չկար պատերազմը՝ միգուցե որոշ հարցեր այդքան սուր չէին դրված: 2019 թվականին մեզ շատերը ասում էին՝ ճիշտ եք ասում տարեկան 50-100 միլիոն դոլար հարկը վատ չէ, մի քանի միլիարդ դրամի ներկրումը վատ չէ, բայց 8 տոկոս աճ ունենք, կգա օրը, կունենանք էդ խնդիրները՝ կմտածենք: Հիմա էդ օրն է եկել:

Վստահաբար հաշվի առնվել է, որ նման որոշում կայացնելիս կլինեն բողոքի ակցիաներ: Ինչպե՞ս եք պատրաստվում կանխել քաղաքական սրացումները:

– Հակառակ բողոքի ակցիաներն էլ կան, հազարավոր մարդիկ էլ բողոքում են, որ աշխատանք չունեն: Մենք գործում ենք պետության զարգացման շահերից, պետականության շահերից ու տրամաբանությունից ելնելով, ոչ թե նրա համար, որ մեզ կգովեն, թե չեն գովի: Մենք մտածում ենք պետության շահի տեսանկյունից: Եվ այո, պետք է հասարակության հետ խոսենք:

Պետության խնդիրն է նաեւ ապահովել իր քաղաքացու առողջությունը: Իսկ առողջապահական վնասները այդ տարածքում ապրողների համար կառավարելի՞ են:

– Կան գիտական ապացույցներ, որ իրականում այդպիսի բան չի լինելու:

Ունե՞ք հիմա նոր հիմք այդ առումով:

-Վերջին տվյալներով, ըստ էության, հենց այդ պատկերն էր, որ իրականում բնությանը եւ առողջությանը հասցվելիք վնասը նվազագույն է կամ գրեթե չկա, իսկ դրա փոխարեն կան տնտեսական մեծ օգուտներ, որի միջոցով հենց նույն այդ մարդկանց առողջության համար ներդրումներ են կատարվելու…Ես մի բան ասեմ, գնացեք Սյունիքում ասեք՝ Քաջարանի հանքը փակելու են: Քանի՞ հոգի է կողմ լինելու փակելուն, քանիսը՝ դեմ: 10 հոգի կողմ է լինելու, 1000 հոգի կամ 5000 հոգի՝ դեմ:

Հարցրե՞լ եք:

– Գնացեք հարցրեք, չի կարող էդպիսի բան լինել, չի կարող մարդը իր աշխատատեղը, բարձր աշխատավարձը, կայուն աշխատանքը չգնահատել: Ընդհակառակը, մենք տեսնում ենք՝ Թեղուտում հանքերը ժամանակավոր փակվում են, գործադուլներ, բողոքի ակցիաներ են լինում, ՀՆԱ-ի ու հարկերի նվազում է լինում:


Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728