Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ «Իսկանդերով» հարվածը հայ-ռուսական բարդ հարաբերություններին

Փետրվար 25,2021 15:00

Մեզ պակասում էր միայն Ռուսաստանից ձեռքբերված զինատեսակներն անորակության մեջ մեղադրելը

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: 1in.am-ի մեկնաբանը նրանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաեւ ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա եւ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Լրագրողը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»: Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»: «80-ականների զե՞նք էր գուցե»,-հակադարձել է Նիկոլ Փաշինյանը:

Հայ-ռուսական ոչ այնքան հարթ հարաբերություններին, ինչպես ասում են, պակասում էր միայն Ռուսաստանից ձեռքբերված զինատեսակներն անորակության մեջ մեղադրելը: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանը պատերազմի ողջ ընթացքում ռուսական զինտեխնիկայի աջակցություն է ստացել, այնուհետեւ պարտվելով պատերազմում՝ Ռուսաստանի հետ է եռակողմ հայտարարություն է ստորագրել, Ռուսաստանն է այսօր հայկական մնացած Արցախում հայերի անվտանգության երաշխավորը դարձել, ռուսական կողմն է զբաղվում հայ գերիների, ռազմագերիների վերադարձի խնդրով, որն ի դեպ, Փաշինյանն ինքը խոստովանեց, որ Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա, առանց ներկայացնելու դրա պատճառները…

Այդ ինչո՞ւ է հայ գերիներին Ալիեւը դարձրել սակարկման առարկա… Ի՞նչ է պահանջում Ալիեւը՝ գերիների վերադարձի դիմաց: Գուցե, դրա պատճառն այն է, որ պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ից հետո էլ համաձայնել է այլ փաստաթուղթ ստորագրել եւ բանավոր պայմանավորվածություններ ձեռքբերել Ադրբեջանի հետ: Գուցե, եթե հայկական կողմը հրաժարվեր դա անել՝ գերիներն արդեն վերադարձած լինեի՞ն:

Անորակ «Իսկանդերի» թեման, կասկած չկա, նոր խնդիր է առաջացնելու առանց այն էլ բավական բարդ, վստահության բարձր մակարդակ չունեցող հայ-ռուսական հարաբերություններում: Ռուսական մամուլն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը:

«Վեդոմոստի»-ն հիշեցրել էր, որ 2016-ին այլ երկրների շարքում Հայաստանն առաջինն է ստացել «Իսկանդեր» համալիրները, որոնք նույն տարվա սեպտեմբերին ցուցադրվել են Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթում. «Այդ սպառազինումը Հայաստանը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին համաձայնագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի, ինչպես նաեւ մինչեւ 500 կմ հեռավորությամբ գտնվող թիրախների ոչնչացումն է: Հայաստանի զինանոցում ընդգրկված է «Իսկանդեր» համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակը՝ 280 կմ հեռահարությամբ»:

«Վարչապետն ուղղակիորեն չի հայտարարել համալիրների կիրառման մասին եւ ոչ մի կերպ չի բացատրել իր խոսքերը»,- նշել է «Կոմերսանտ» պարբերականը: «Ինտերֆաքս» գործակալությունը հիշեցրել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ «Իսկանդեր» համալիրը գործարկվել է Հայաստանի կողմից պատերազմի վերջին օրերին Շուշի քաղաքի ուղղությամբ:

Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն անդրադարձել են նաեւ մի շարք այլ լրատվականներ՝ «Գազետա»-ն, «Լենտա»-ն, «Վեստի»-ն, «ՌԻԱ Նովոստին», «ՌԲԿ»-ն, իսկ ռուսաստանցի փորձագետներն արդեն իսկ բավական կոշտ հայտարարություններով են հանդես գալիս Փաշինյանի հասցեին:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստի մեջ` «Իսկանդեր»-ների արդյունավետ չլինելու մասին նրա հայտարարությունից հետո: «Իսկանդեր»-ները մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք են, ինչը բազմիցս ապացուցվել է տարբեր զորավարժությունների ժամանակ։ Դա ուղղակի բացարձակ սուտ է, եւ նույնիսկ ոչ մի կասկածի ենթակա չէ», – ասել է ռուսաստանցի պատգամավորը։

Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների միջեւ բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը, «Իսկանդեր»-ների մասին Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելիս ասել է, թե «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի հրթիռների մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը խոսում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին: Պետդումայի պատգամավորի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Վատ պարողին այլ բաներ են խանգարում։ Ժողովրդական այս ասացվածքը լավագույնս է բնութագրում վերջին պատերազմում «Իսկանդեր»-ների օգտագործման եւ դրանց հնացած լինելու մասին Հայաստանի վարչապետի խոսքերը», – ասել է ռուս պատգամավորը։ Դմիտրի Սաբլինը նաեւ շեշտել է, թե «Իսկանդեր»-ը հաստատել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմի ժամանակ:

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանի իշխանությունը սեփական դիրքերը երկրի ներսում պահպանելու նպատակով պատրաստ է բոլորի հետ հարաբերություններն էլ ավելի փչացնել՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որն էլ իր հերթին կարող է ծառայել Հայաստանի հակառակորդ պետությունների շահերին, իսկ այդ երկրներից արդեն տեւական ժամանակ բացեիբաց հայտարարում են, որ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում, եւ հատկապես՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքով Լեռնային Ղարաբաղում հայտնվելը հակասում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728