Լրահոս
Օրվա լրահոսը

Նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում. Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը. Հակոբ Ճաղարյան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 25,2021 09:41

Հայկական գրանցմամբ եւ համարանիշով «Բոինգ-737» ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին:

Կոմիտեի հայտարարության մեջ կարծես հատուկ շեշտվում էր, որ ինքնաթիռի օդաչուները օտարերկրացիներ են։ Այդ փաստը որեւէ կասկածի առիթ կարո՞ղ է տալ։

– Ես ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչի համար էին ընդհանրապես դա նշել։ Իրենք կարող էին նույնիսկ այդ օդաչուների կոշիկների չափը նշել, որը ոչինչ չէր տալու տվյալ իրավիճակում կամ կատարված գործողության շրջանակներում։ Եթե նրանք չընդգծեին, որ օդաչուները հայեր չեն եղել, շատերի մոտ հարց չէր առաջանա՝ բա էդ արտասահմանցուն ինչի՞ էին վարձել օդանավը բերելու համար։ ՀՀ-ում եւս համապատասխան օդաչուներ կան։ Ինչո՞ւ ՀՀ-ից չենք ուղարկել այդ օդանավը բերելու, գուցե հենց այն պատճառով, որ իրենք այդ բանը չէի՞ն անի։ Եվ մի բան էլ՝ ի՞նչ պայմաններով են օտարերկրացի օդաչուները իրավունք ստացել հայկական գրանցմամբ օդանավ վարելու։

Ես բազմիցս ասել եմ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտը մեր ամենաձախողված ոլորտներից մեկն է, նրա մասին գրված միջազգային փաստաթղթերն ամեն ինչ ասում են։ Կա՛մ օդանավը նախօրոք նշված երթուղուց շեղվել է, կա՛մ չի շեղվել։ Եթե նախապես նշված երթուղուց չի շեղվել, նշանակում է՝ օդաչուները այստեղ կապ չունեն, ավիաընկերությունն է տվել այդ երթուղին, ասել է՝ Տալլինից քշի Թեհրան։ Իսկ եթե նախօրոք նշված երթուղուց շեղում են կատարել ինքնակամ, այս դեպքում թռիչքն ընկնում է առեւանգման տակ, որտեղ պատասխանատու են օդաչուները։ Այս երկու պարզ հարցերի պատասխանները կարող են տալ Հայաստանի քաղաքացիական ավիացիոն կոմիտեն ու Fly Armenia ավիաընկերությունը․ նրանք լռում են։

Հակոբ Ճաղարյան

– Որպես ոլորտի մասնագետ՝ խնդրում եմ նշեք, թե մեր օրերում օդանավ առեւանգելն արդյո՞ք այդքան հեշտ է, եւ իրականում ի՞նչ կարող է եղած լինել։

– Ընդհանրապես նման բաներ տեղի են ունենում անկառավարելի ավիացիոն իշխանությունների շուկաներում։ Բացի դա՝ Fly Armenia ավիաընկերության բացվելու ժամանակ Փաշինյանը չլսեց իմ հորդորը, իմ բերած արգումենտները։ Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի վերջին ես նրան տեղեկացրել եմ այս ավիաընկերությունը ղեկավարող անձի, ամբողջ աշխարհում նրա գործունեության մասին, թե քանի երկրի կողմից է հետախուզվում, ինչ կասկածելի կապերի մեջ է գտնվում։ Ընկերությունը նաեւ կասկածելի պայմաններում գրանցվեց, դա այն ժամանակ էր, երբ տեղական ընկերությունները խնդիրներ ունեին թռիչքների հետ կապված (հիմա էլ ունեն): Բազմաթիվ ռիսկեր կան, ընդհուպ մինչեւ այն, որ ընկերություն բացողը կարող է նաեւ բանկից գումար վերցնել օդանավը մնա բանկի վզին։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728