Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտան գյուղի ղեկավար. «Մեզ առաջինը ոչ թե ենթակառուցվածք կամ ինչ-որ բան է պետք, այլ անվտանգության ապահովումը». «168 ժամ»

Փետրվար 25,2021 09:00

Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին Նիկոլ Փաշինյանի տված բնորոշումը շատերի, այդ թվում՝ սյունեցիների մոտ զարմանք է առաջացրել։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, թե Սյունիքում անլուծելի խնդիրներ չկան. «Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ, ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,- նշել է Ն. Փաշինյանը։

Սյունիքի մարզի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ եթե կա այդպիսի մարդ, թող կանգնի ու պարզ ասի՝ Սյունիքում անվտանգության խնդիրներ չկան։

«Բնականաբար, որևէ մեկը 100 տոկոս չի կարող ասել, որ անվտանգության խնդիրներ չկան, եթե մեկը կարող է, թող ասի։ Մենք էլ ենք լսել, որ ենթակառուցվածքներ են կառուցելու, զարգացնելու, բա մենք էլ սպասելու ենք, թող անեն, դրանից հետո բնակիչներն իրենց խոսքը կասեն։ Բայց այդ ո՞վ չի հասկանում, որ մեզ մոտ առաջին հերթին պետք է անվտանգությունն ապահովեն, հետո նոր ենթակառուցվածքներ զարգացնեն։ Մեզ առաջինը ոչ թե ենթակառուցվածք կամ ինչ-որ բան է պետք, այլ անվտանգության ապահովումը, ժողովուրդն իրեն մնացածով կապահովի։ Կրկնում եմ՝ մեզ մոտ, Հայաստանում, Արցախում, առաջինը պետք է անվտանգությունն ապահովեն, մեր ժողովուրդն ինչպես ապրել է, այնպես էլ ապրելու է, մնացածը Կառավարության գործառույթն է»,- շեշտեց Ս. Օհանջանյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728