Վերջապես հրապարակվեց, այսպես կոչված, «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատավճիռը: Դատարանի մոտեցման վերաբերյալ կարծիքները կարող են տարբեր լինել: Ես, օրինակ, կարծում եմ, որ պատժի որոշ ժամկետներ չափից դուրս խիստ են, մեկ այլ դեպքով էլ սպանության գործով արդարացումն ինձ տարակուսելի թվաց:
Բայց, ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ դատարանը իրավական գնահատական է տվել 2016 թվականի իրադարձություններին, որոնց շուրջ ավելի քան 4 տարի հյուսվում է քաղաքական դեմագոգիայի սարդոստայնը: Հանցագործությունը մնում է հանցագործություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գեղեցիկ փաթեթավորմամբ է այն ներկայացվում:
ՊՊԾ գնդի գրավման եւ դրա շուրջ ծավալվող իրադարձությունների ժամանակ իմ տեսակետին բավականին կոշտ ձեւով հակադրվում էին բազմաթիվ մարդիկ, որոնք փորձում էին ապացուցել, թե սա այն դեպքն է, երբ «ժողովուրդն ապստամբելու իրավունք ունի»: Որպես դրա հաստատում բերվում էին միջազգային համապատասխան ձեւակերպումները: Բայց նախ՝ ես չեմ տեսել այդ միջազգային փաստաթղթերում զինված պայքարի եւ բռնությունների արդարացումը, երկրորդ՝ եթե անգամ աշխարհի բոլոր հռչակագրերն ու կոնվենցիաները պնդեն, որ սեփական երկրի ոստիկաններին սպանելը որոշ դեպքերում արդարացված է, ես, միեւնույն է, դեմ կլինեմ նման միջազգային փաստաթղթերին:
Զինված քաղաքական պայքարի նախադեպեր եղել են անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ: Եղել են եւ, ցավոք սրտի, այսօր էլ կան նման պայքարի կոչեր: Կարծում եմ, այն խավը, որն ընդունված է անվանել «մտավորականություն», պետք է վճռականորեն դեմ արտահայտվի, հակադրվի այդ գործելակերպին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այդ հակադրությունն ընկալվում «լայն ժողովրդական զանգվածների» կողմից: Պետք է նաեւ բացատրել, որ իշխանության «լավը» կամ «վատը» լինելը դրա հետ բացարձակապես կապ չունի:
Կարդացեք նաև
«Նախորդ» եւ «ներկա» ռեժիմները, մեղմ ասած, հեռու են կատարելությունից եւ, ի դեպ, սկզբունքային առումով սկսում են իրար ավելի ու ավելի նմանվել իրենց «գաղջությամբ»: Ցանկացած խաղաղ պայքար, որն ուղղված է այդ «գաղջ» իրականությունն ավելի պայծառ դարձնելուն, հարգանքի է արժանի: Ցանկացած «ապստամբություն», որն ուղղված կլինի պետական կառույցների դեմ եւ կուղեկցվի բռնություններով, դատապարտելի է: Սահմանազատումը, կարծում եմ, պարզ է՝ «կարմիր գիծը» բռնությունն է եւ բռնության կոչերը:
Հուսով եմ, որ երեկ հրապարակած դատավճիռը ուղերձ կլինի բոլոր քաղաքացիներին, որպեսզի ոչ մի խումբ, ինչպիսի ամպագոռգոռ անուն էլ ընտրի, չփորձի քաղաքական հարցերը լուծել զենքի միջոցով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Քո հետևից կգան դեռ» միջադեպը մեր քաղաքացուն այսօրվա ամենահուզող դրվագն էր….
Հումորով մոտեցեք: Այստեղ այդ դրվագն ամբողջությամբ է տրված.
https://www.youtube.com/watch?v=-jwL78uWFuc