Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությանը կրակելու իրավունքներով օժտող Անդրանիկ Քոչարյանը լավ կաներ նորից վերադառնար Մարտի 1-ի իրադարձություններին եւ հասկանար՝ պետությունը զերծ պիտի մնա բիրտ ուժի կիրառումից»

Փետրվար 25,2021 14:00

Փետրվարի 23-ին «Հայրենիքի փրկության շարժումը» կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ցույց էր անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի 25 մասնակցի։ Բողոքի ցույցի մասնակիցները մինչ այդ նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի մուտքը այդ շենք, սակայն ոստիկանները կանխեցին ցուցարարների մտադրությունը։

Ցույցի մասնակիցներից մեկը՝ ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանը, բերման ենթարկելու ընթացքում ոտքի շրջանում վնասվածք է ստացել։
Ոստիկանության երեկվա գործողություններն, ընդհանուր առմամբ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը համարում է ոչ համաչափ։

«Առավոտ»-ի հետ զրույցում տիկին Հովհաննիսյանն ասում է՝ ինչպես նախկինում էր, այնպես էլ այժմ, ոստիկանությունը ոչ թե ծառայում է հիմնականում հասարակական կարգի պահպանմանը, այլ ծառայում է, որպես գործիք, սահմանափակելու մարդկանց խաղաղ հավաքների իրավունքը. «Եվ առանց օրինական հիմքի բերման ենթարկելու պրակտիկան Հայաստանում շարունակվում է։ Եւ դա, կարծում եմ, ամենաարատավոր պրակտիկան է՝ ոստիկանությունը դառնում է մարդկանց ճնշումների եւ ազատ խոսքի, հավաքների ազատության իրավունքների սահմանափակմանն ուղղորդված գործիք։ Ինձ համար սա միանշանակ է»։

Ոստիկանության այս գործողությունները, ըստ իրավապաշտպանի, նախկին իշխանության ժամանակ էլ նույնն էր, այսօր էլ նույնն է. «Եւ ցավոք, ոստիկանությունը շարունակեց մնալ որպես վարչակազմի հավատարիմ գունդ, որը ոչ թե հասարակությանն է պաշտպանում կամ ծառայում, այլ որեւէ խավի, որը կարողանում է հասնել կառավարման ղեկին»։

Տիկին Հովհաննիսյանը նկատում է՝ ինչ-որ հույսեր կային, որ իրավապահ համակարգում բարեփոխումներ կլինեին, մոտեցումները կփոփոխվեն, եւ ոստիկանն իսկապես քաղաքացու կողքին կկանգնի՝ որպես քաղաքացու իրավունքների իրացման երաշխավոր. «Որովհետեւ ցանկացած ակցիա եւ հանրային միջոցառում իրականացնելիս ոստիկանությունը պետք է պահպանի այդ միջոցառումների խաղաղ բնույթը եւ զերծ պահի սադրիչներից, որեւէ նմանատիպ գործողություններից, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը շարունակաբար հենց ճնշում է քաղաքացիների իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ եւ միջազգային տարբեր փաստաթղթերով։ Եւ հաստատորեն ոստիկանությունը դառնում է իշխանության հասած մեկ խմբի երաշխավորը, նրա երկարակեցության, նրա իշխանության պահպանման երաշխավորը»։

Արդյոք ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել. իրավապաշտպանը գտնում է՝ հստակ է, որ անհամաչափ ուժ է կիրառել, իսկ ոստիկանության՝ բիրտ ուժի կիրառման քանակն ու ձեւերը ոստիկանության գործիքակազմերում մեր հասարակությունը ավելի շատ այլ դրսեւորումներով է տեսել. «Մենք տեսել ենք հատուկ միջոցների սարսափելի կիրառումներ, այս պահին գոնե կարելի է ասել որ հատուկ միջոցներ կիրառված չեն, եւ բիրտ ուժ այստեղ, որպես այդպիսին, դժվար է որակել»։

Վազգեն Մանուկյանը շաբաթ օրն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում իշխանություններին հեռացնելու մասին խոսելիս, նշել էր. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»: Իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» եթերում հայտարարել էր. «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն եւ մեր պետականությունը։ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պահում է ոչ թե շենքերը, այլ պետականությունը եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Արդյոք երեկվա գործողությունները սրա հետեւանքն է, մեր այս հարցին ի պատասխան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ պետությունն իրավունք չունի կրակելու իր ժողովրդի վրա, որովհետեւ պետությունն իր ժողովրդի անվտանգության երաշխավորն է եւ պետությանն այդպիսի իրավունքներով օժտող Անդրանիկ Քոչարյանը լավ կաներ նորից վերադառնար Մարտի 1-ի իրադարձություններին եւ հասկանար, որ պետությունն ամեն դեպքում զերծ պիտի մնա այդ բիրտ ուժի կիրառումից։ Բացի այս, ինչպես նկատում է իրավապաշտպանը, պետությունն ու իրավապահ մարմինները ցանկացած կոչ պետք է դիտարկի նաեւ թե որքանով են դրանք իրագործելի եւ որքանով են չափելի. «Երբ հենց մեր նկատմամբ տեղի էր ունենում բավական լուրջ հարձակումներ, նույն ոստիկանությունը, նույն իրավապահ մարմիներն ասում էին՝ դե, գիտեք ինչ, դա չափելի չէ, եթե ձեր նկատմամբ սպանության սպառնալիք է հնչում, դա ուղղակի հնչում է, թե որքանով են իրագործելի, դեռ պետք է ապացուցել։ Հիմա պետք է ապացուցեն, թե որքանով են իրագործելի հանրային հնչող այդ կոչերը, եւ եթե իրագործելի են, ապա կանխարգելեն դրանց իրագործումը, եւ ոչ թե կոչ անեն, որ պետությունը կարող է կրակել։ Ոչ։ Պետությունը պետք է պահպանի ժողովրդի անվտանգությունը, որը ցավոք սրտի, մենք տեսանք, որ վերջերս պատերազմական գործողությունների ժամանակ այդպես չեղավ, եւ հիմա այդ պետության ներկայացուցիչները սպառնում են ժողովրդին կիրառել բի՞րտ ուժ, կրակե՞լ ժողովրդի վրա։ Ես կարծում եմ՝ դա պետության ղեկին կամ կառավարության համակարգում հայտնված անձանց՝ պետության մասին պատկերացումների բացակայությունից է եւ նախկին փորձերի վերաբերյալ իրավական գնահատականներ չտված եւ հետեւություններ չարած մոտեցումներից է, երբ նույնիսկ Մարտի 1-ին ուժ կիրառվեց, բոլորս միաձայն համարում էինք, որ այդտեղ պետությունը պետք է լինի երաշխավորը, որ փողոցում կանգնած ցուցարարը չի կարող մահանալ, չի կարող սպանվել, չի կարող գնդակահարվել եւ երկրում ունենալով այսպիսի արյունալի փորձ, նրանք դեռ հայտարարում են, որ պետությունն իրավունք ունի դա նորի՞ց կրկնել։ Ես համարում եմ, որ դա բարոյական չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728