Վերջին տարիներին հատկապես մեծ դժգոհություններ կան, որ արվեստագետներին պետական մակարդակով ըստ արժանվույն չեն գնահատում։ Նկարչուհի Թամար Օհանյանն ասում է, որ արվեստագետի համար լավագույն եւ կարեւոր գնահատականը մարդիկ պետք է տան, ինչը նաեւ ոգեւորիչ դեր ունի։
Թամար Օհանյանը ծնունդով Սիսիան քաղաքից է։ Նկարել սկսել է փոքր տարիքից։ Կարելի է ասել` արվեստագետ է ծնվել, քանի որ իր գենի մեջ կա ստեղծագործելու շնորհը։ «Նկարելով կարողանում եմ արտահայտել զգացմունքներս, վերագտնել ինձ աշխարհում։ Ունեմ աշխատանքներ, որ երբեք չեմ ցանկանում ցուցադրել, որովհետեւ դրանք ինձ համար դարձել են շատ անձնական` ինքնադիմանկար արտահայտող նկարներ»,-ասում է Թամարը։
Գրքերի նկատմամբ եւս մեծ սեր ունի, պատմում է, որ գրքից ստացած հույզերը կտավ են դառնում: Ժամանակը արագորեն առաջ է ընթանում, նկարչուհու ներկապնակի գույները պատերազմի պատճառով քչանում են եւ դառնում երկուսը` սեւ ու սպիտակ։
«Փորձում եմ նկարել գույներով, ակամա վերցնում եմ սեւ նյութը ու սկսում ուղղակի աշխատել, որովհետեւ հոգուս խորքում գույն վերցնելիս ակամա դողում էին ձեռքերս։ Այդ վերապրումները, որ ես զգացել եմ, դրանք միայն լսել էի։ Լսել էի պատերազմի դաշտից վերադարձած տղաներից, զինվորներից, եղբորիցս, ով կյանքում չի կարող ջնջել այդ հիշողությունները։ Սկսեցի նկարել զոհված տղաներին, ու նկարները, որոնք ավարտում էի, նվիրում էի իրենց ընտանիքներին` սփոփում էի ինձ, որպեսզի չզգայի իրականության ցավոտ կողմը»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Ամեն նկար նկարելուց առաջ Թամարը հուզվում է, որովհետեւ ամեն գիծ գծելիս իր աչքերի առաջ մի դրվագ է, որ լսել էր եղբորից. «Ինչպես կարելի է մոռանալ մարտի դաշտում ձեռքերիս մեջ արնաքամ լինող զինվորի հայացքը»։
Ըստ Թամարի` այս ամենը հիմք հանդիսացավ նորովի գնահատել կյանքն ու նրա տված հնարավորությունը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2021