Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ռազմաբազայի ընդլայնումը կամրապնդի՞ Փաշինյան-Պուտին փոխհարաբերությունները

Փետրվար 25,2021 12:00

Հայաստանն ապահովելու է Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային հաղորդակցության անվտանգության հարցով պահանջների իրագործումը

Հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնմամբ եւ ներուժի զարգացմամբ, օրերս «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Հայկական կողմը միշտ դրանում շահագրգռված է եղել հենց այն պարզ պատճառով, որ բազան ամբողջ կազմով մտնում է Հայաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մեջ, հետեւաբար բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկկողմ հիմքերով գործող համատեղ խմբի ներուժի զարգացում»,- ասել է նա: Պնախարարի խոսքով՝ «Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առնում տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները, եւ ճիշտ քայլեր են ձեռնարկվել բազայի ամրապնդման ու վերազինման ուղղությամբ»: «Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ է լինելու»,-վստահեցրել է Հարությունյանը:

Երեւանն ու Մոսկվան մշակում են Հայաստանի արեւելքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական որոշակի կազմավորման վերատեղակայման հնարավորության հարցը, հավելել է Վաղարշակ Հարությունյանը. «Հավանաբար, ավելի ճիշտ է խոսել Հայաստանի արեւելյան ուղղությամբ ռուսական ռազմաբազայի կազմից որեւէ ռազմական կազմավորման վերատեղակայման հնարավորության մասին (նրա ընդլայնումը հաշվի առնելով), եւ այս համատեքստում կատարվում է հարցի համապատասխան համատեղ մշակում»:

Դրանից բացի, նրա խոսքով, Հայաստանում գտնվող սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված: «Իսկապես, ռուս սահմանապահների վրա դրված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանի անվտանգության ապահովման եւ պաշտպանության խնդիրների կատարման համար: Այսօր իրավիճակը էապես փոխվել է»,- պարզաբանել է նախարարը:

Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե չի տեսնում երկրում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն. «Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա ոչ մի անհրաժեշտություն չկա, մեր պետությունների միջեւ այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը եւս միայն մեկ ռուսական բազայի կարգավիճակն է որոշում եւ գործունեությունը կանոնակարգում»:

Հիշեցնենք, որ 1995թ. միջպետական համաձայնագրով Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազա, եւ 2010թ. պայմանագրում փոփոխություններ կատարվեցին, ըստ որի՝ ՀՀ-ում դրա տեղակայման նախնական 25 տարի ժամկետը երկարացվեց մինչեւ 49 տարի, այսինքն՝ մինչեւ 2044 թվականը:

Արցախում պատերազմից հետո ողջ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել: Հայաստանը եւ հայկական մնացած Արցախը դեմ հանդիպման են թուրք-ադրբեջանական տանդեմից բխող սպառնալիքներին, մի տանդեմ, որին քաղաքակիրթ աշխարհը քարտ-բլանշ տվեց պատերազմի հարցում, իսկ այսօր էլ հետեւողականություն չի ցուցաբերում Թուրքիայի միջոցով մեր տարածաշրջանում հայտնված սիրիացի վարձկաններին հեռացնելու հարցում:

Նման իրավիճակում, իհարկե, տրամաբանական է, որ Հայաստանն ամրապնդի իր պաշտպանական ոլորտը, մանավանդ, որ պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են ռազմարդյունաբերական համագործակցությունը, նոր համաձայնագրեր են կնքում, Ադրբեջան զինտեխնիկայի մատակարարման ծրագրեր են մշակում ու իրականացնում:

Ստեղծված մթնոլորտում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը միանգամայն տրամաբանական է թվում, ավելին՝ դա նույնիսկ օրվա հրամայական է: Սակայն կա մեկ այլ կարեւոր հարց՝ թե ինչի արդյունքում է որոշվել Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան ընդլայնել: Կարելի է ենթադրել, որ կայացվել է քաղաքական որոշում: Այս դեպքում արդեն այլ հարց է ծագում, իսկ ի՞նչ քաղաքական որոշում էր խանգարում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազային պատերազմի օրերին համարժեք գործել, երբ Հայաստանի մի շարք բնակավայրեր էին գնդակոծվում՝ Վարդենիսը, Կապանը, Դավիթ Բեկը, քաղաքացիական անձինք վիրավորվեցին ադրբեջանական հարձակումից, սակայն ռուսական կողմը նախընտրեց չխառնվել:

Իսկ ի՞նչ քաղաքական որոշում է կայացնելու ռուսական 102-րդ ընդլայնված ռազմաբազան հնարավոր մյուս ռազմական գործողություններում: Այսինքն, Հայաստանի իշխանությունները, եթե ցանկանում են երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնել, պետք է հասկանան, որ դրա համար անհրաժեշտ են վստահելի հարաբերություններ Ռուսաստանի ղեկավարության հետ: Իսկ կա՞ն այսօր նման հարաբերություններ… Բանը հասել է նրան, որ ռուսաստանցի ռազմական թեմաներով զբաղվող հայտնի փորձագետներն արդեն հրապարակային մեղադրում են Հայաստանի այսօրվա իշխանություններին՝ ռուսական կողմից խնդրած եւ ստացված անհրաժեշտ տեխնիկան պատերազմի օրերին Արցախ միտումնավոր չհասցնելու մեջ:

Հետեւաբար, Հայաստանի յուրաքանչյուր մարզում կարելի է ռուսական ռազմաբազա տեղակայել՝ որպես Հայաստանի հակառակորդ պետություններին զսպող միջոց, բայց արդյոք այդ ռազմաբազան ըստ արժանվույն պաշտպանելու է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, եթե հաջորդ հնարավոր պատերազմում Հայաստանի բնակավայրերի վրա տեղի ունենան նոր հարձակումներ:
Տարիներ շարունակ մենք լսել ենք, իհարկե, որ Հայաստանն ըստ արժանվույն պաշտպանված կլինի, եթե ունենա ամուր, մարտունակ բանակ եւ որեւէ երկիր, կամ դաշինք ավելի լավ չի կարող պաշտպանել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիներին: Իսկ Հայաստանը պատերազմից հետո նման խնդիր դրե՞լ է իր առջեւ:

Հայաստանը բանակի բարեփոխումներ կանցկացնի, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության եւ ռազմատեխնիկայի նոր համակարգերի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլ արդեն անցկացվում է, ընդ որում, տվյալ գործընթացում ամենաանմիջական կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները»,-ասել է նա: «Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը եւ Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք կվերանայենք հետեւյալ հարցերը՝ մարտական օպտիմալացում, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի մեծացման, նոր համալիրներով սպառազինման, կադրային ներուժի պահպանման, սպաների, պետական ծառայողների եւ պայմանագրային զինծառայողների պաշտոնների մակարդակի բարձրացման միջոցով»,-նշել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ եւ անօդաչու ավիացիայի, հրթիռային եւ հրետանային զորքերի զարգացմանը:

Ռազմական ռեֆորմի շրջանակներում փաստորեն նախատեսվում է մարտական եւ թվային կազմի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով: Սա ենթադրում է բանակի մարտական եւ թվային կազմի նվազեցո՞ւմ՝ Հայաստանի համար նոր վտանգների ու սպառնալիքների պայմաններում, այսինքն՝ մի բան, որ ձեռնտու կլիներ Ադրբեջանի համա՞ր…

Հաջորդը, Վաղարշակ Հարությունյանը նույն հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային հաղորդակցության հարցին: «Նախեւառաջ ցանկանում եմ նշել, որ «միջանցք» եզրույթի կիրառումը ճիշտ չէ, երբ խոսքն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության մասին է:

Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միջանցք է համարվում միայն Լաչինի ճանապարհը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Մյուս բոլոր դեպքերում կարելի է խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- նշել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կապահովվի՞ Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային միջանցքով անձնակազմի եւ բեռների տեղափոխման անվտանգությունը: «Պատասխանելով հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր ստանձնած պարտականությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության հարցով պահանջների իրագործումը: Այդ գործում բանակի ներգրավվածության հարցը ներկա պահին օրակարգում չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, դարձյալ եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ մարմինների միջոցով»,- հավելել է Հարությունյանը:

Եթե Հայաստանը իր սահմաններում որեւէ ճանապարհի նկատմամբ չի ունենալու վերահսկողություն, դա նշանակում է, որ Հայաստանը տվյալ հատվածում կորցնում է ինքնիշխանությունը: Այս հարցի մասին նոյեմբերի 9-ից հետո բարձրաձայնել են շատերը, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի գործընկերների հետ պետք է գան համաձայնության, քանի որ Հայաստանը չի կարող տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունից հրաժարվել, դրա իրականացումը բացառապես Հայաստանի իրավասությունն է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության թեմային, ապա այստեղ տեղին կլիներ Վաղարշակ Հարությունյանին հիշեցնել երկու տարվա վաղեմության մի դրվագ: 2019թ. ապրիլին Վաղարշակ Հարությունյանը ապացուցում էր Մեղրիի փոխանակման գոյությունը տարիներ առաջ՝ Քոչարյանի իշխանավարման տարիներին: 24TV-ի եթերում նա անդրադառնալով Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մասին խոսակցություններին, ասել էր, որ անձամբ է այդ թեմայով քննարկում ունեցել համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ:

Հարցին, արդյո՞ք կապ տեսնում է Մեղրին Լաչինով փոխանակելու եւ հոկտեմբեր 27-ի ոճրագործության միջեւ, Հարությունյանը պատասխանել էր, որ այո, հնարավոր է, որ նման կապ լինի, որ պետք է ուսումնասիրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ասել էր. «Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունը, անպայման, պետք է բացահայտվի: Սա ոչ միայն իրավական պետություն ունենալու անշրջելի հրամայական է, այլ նաեւ միտված է կանխարգելելու ապագայում նմանատիպ ահաբեկչությունների իրականացումը»: Վաղարշակ Հարությունյանը, որը 1999-2000թթ. էր պաշտոնավարել, պատմեց իր պաշտոնավարման ընթացքում համանախագահների եւ իր միջեւ կայացած բանակցությունների մասին, որոնք փաստում են Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը: Վաղարշակ Հարությունյանը՝ որպես այդ բանակցություններին մասնակից պաշտոնյա՝ նշեց բառացիորեն հետեւյալը. «Ես հանդիպել եմ համանախագահների հետ, քննարկվել է այդ հարցը երկու անգամ՝ Մեղրիի տարբերակը»,- պատմեց նա, եթերում ցուցադրելով իր՝ ավելի վաղ հրապարակված հարցազրույցները մամուլում՝ համանախագահների եւ իր լուսանկարներով, հայտնելով. «Բացի այդ, կա տեսաերիզ՝ արված պաշտպանության նախարարությունում՝ բնականաբար»: Ի՞նչ է քննարկել համանախագահների հետ Վաղարշակ Հարությունյանը, հարցրեց հաղորդավարը: «Քննարկվել է ամբողջ Մեղրիի շրջանի փոխանակումը՝ ամբողջ: Դա առաջին տարբերակն է եղել, երբ համանախագահները հանդիպեցին մեզ հետ հոկտեմբերի 27-ից հետո: Երբ որ մենք հայտարարել ենք, որ այդ տարբերակը չի համապատասխանում Հայաստանի շահերին եւ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, որոշ ժամանակ անց եղել է երկրորդ հանդիպումը, երբ որ ինձ առաջարկել են տարբերակ, որը ոչ թե Մեղրիի ամբողջ շրջանի փոխանակում էր ենթադրում, այլ՝ կեսը… Դա կոչվում էր այսպես՝ զրոյական կետով: Ես դա նույնպես ասել եմ, որ չի համապատասխանում (նկատի ունի՝ չի բխում ՀՀ շահերից, խմբ): Դրանից հետո բանակցային գործընթացն ավարտվել է՝ Մեղրիի հարցով: Ես այլեւս չեմ հանդիպել համանախագահների հետ, եւ երբ որ մայիս ամսին մենք դուրս ենք գալիս, համանախագահները շարունակում են հանդիպումները: Այդ ժամանակահատվածը, երբ ես պաշտոնավարել եմ՝ համանախագահների հետ իմ երկու հանդիպումներից հետո՝ եղել են այլ գործընթացներ: Ես եղել եմ Ռուսաստանում պաշտոնական այցով, այնտեղ ունեցել եմ բանակցություններ եւ զրույցներ Մեղրիի տարբերակով՝ ռուսական կողմի առաջարկով, ես դրան կանդրադառնամ, ճիշտ ժամանակին է պետք դրա մասին ասել: Եվ եղել են նաեւ այլ հանդիպումներ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Հետաքրքիր է, թե նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության հիմքով ի՞նչ կարծիք ունի հիմա Վաղարշակ Հարությունյանը, մասնավորապես 9-րդ կետով նախատեսված՝ «Ադրբեջանի եւ Նախիջեւանի Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում», դրույթի կիրառման մասին՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 24.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728