Լրահոս
Օրվա լրահոսը

Էրբիլում կայացել է ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը

Փետրվար 24,2021 23:30

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն հայտնեց:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների հիմքում են ընկած երկու ժողովուրդների պատմական ամուր կապերն ու բարեկամությունը: «Այսօր, հիրավի, նշանակալից իրադարձություն է հայ-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ։ Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում և արժանացել իշխանությունների բացառիկ բարյացակամ վերաբերմունքին։ Ուստի այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում» – նշեց նախարարի տեղակալը:

Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարար Արտակ Ապիտոնյանը և ԻՔ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրեցին նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության անդամներ, խորհրդարանի անդամներ, հոգևոր առաջնորդներ, Իրաքում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728