Ստորև ներկայացնում ենք թուրքական «Հյուրիեթ» թերթում տպագրված հոդվածի թարգմանությունը.
Նախատեսվում է, որ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ազգայնական շարժում կուսակցության (թուրք.՝ Milliyetçi Hareket Partisi, MHP) նախագահ Դլեթ Բահչելիի հետ միասին Շուշիում կդնեն վերջինիս կողմից կառուցվելիք դպրոցի հիմքը: MHP- ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցվելիք դպրոցի կառուցման նախագծի քննարկման համար MHP- ի նախագահ Դևլեթ Բահչելիի և «Գորշ գայլեր» կազմակերպության կրթամշակութային հիմնադրամի կողմից Ադրբեջան ուղարկված երեք հոգանոց թիմն արդեն վերադարձել է Թուրքիա: MHP-ի նախագահ Բահչելիի հանձնարարությամբ Ադրբեջան մեկնած՝ Իսպարտայի նախկին քաղաքապետ, Բահչելիի ավագ խորհրդատու և նախագծի ճարտարապետ Յուսուֆ Զիյա Գյունայդինի, MHP-ի փոխնախագահ պրոֆեսոր դոկտոր Մեվլութ Քարաքայայի և «Գորշ գայլեր» կազմակերպության նախագահ Ահմեդ Յիգիթ Յըլդըրըմի այցը տևել է վեց օր:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Կարդացեք նաև
MHP- ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որոնց մասնակցել են Նախագահ Իլհամ Ալիևը, փոխնախագահ Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը և այլ պաշտոնատար անձինք: Ադրբեջանից վերադառնալուն պես պատվիրակությունը հերթական հանդիպումն է ունեցել Դևլեթ Բահչելիի հետ՝ ծրագրի և տեղի ունեցած հանդիպումների մասին նրան զեկուցելու նպատակով: Ադրբեջանում ընթացող բանակցությունների և նախագծի մասին զեկուցելիս Յուսուֆ Զիյա Գյունայդինը հայտնել է, որ նախագծում ընդգրկել է օսմանյան և սելջուկյան մոտիվներ, որոնց հիմնական մոտիվը Ադրբեջանում «ազատության ծաղիկ» կոչվող հարի բյուլբյուլն (հայերեն՝ խոլորձ) է, իսկ դպրոցը կրելու է Ադրբեջանի պետական հիմնի հեղինակի՝ Օզեյիր Հաջիբեյլիի անունը:
ՀԱՅԵՐԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԵՏՔԵՐԸ
Բացատրելով, որ Ադրբեջանում իրենք ջերմ ընդունելության են արժանացել՝ Գյունայդինը նշել է, որ Նախագահ Ալիևի խոսքերով՝ փախուստի դիմելիս հայերը ոչնչացրել են Շուշին, որը նախկինում պատմական և տուրիստական քաղաք էր, և որ հայերն ուզում էին ոչնչացնել բոլոր պատմական արժեքները, ինչպիսիք են թուրքական կնիք կրող դպրոցները, մեդրեսաները, քարավանատները:
Փոխանցելով Ալիևի խոսքերն առ այն, որ այս բոլոր պատմական արժեքներն ու Շուշին կվերականգնվեն ու նոր կոթողներով կհամալրվեն, Գյունայդինը նշել է որ. «Մենք նաև ներկայացրեցինք մեր հարգելի նախագահի կողմից առաջարկված նախագիծը, որն ընդունվել է երկու երկրների նախագահների կողմից և այդ ընդունման հիման վրա ամբողջացվել է: Ադրբեջանի նախագահն ավելացրել է, որ մեր դպրոցը և մեր նախագիծը մեծ նշանակություն կունենան թուրքական աշխարհի համար: «Իմ ընկերը, բարեկամն ու եղբայրը» ասելով՝ նա նկատի ուներ մեր նախագահին: Նա նշել է, որ ասվածը տոգորված է անկեղծությամբ և հիշողություններով»:
ՇՈՒՇԻՈՒՄ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՑՈՒՄ
Նշելով, որ դեռ պարզ չէ, թե որտեղ պետք է կառուցվի դպրոցը, Գյունայդինն ասել է. «Մանրակրկիտ կադաստրային աշխատանք է տարվում, որպեսզի Շուշի վերադարձող ադրբեջանցիներին վերադարձվեն հայկական օկուպացիայից ազատագրված Շուշում նախկինում իրենց պատկանող հողերը: Պարոն Ալիեւը սեփական բերանով ասաց, որ կատարվող ուսումնասիրությունների արդյունքում ամենագեղեցիկ տեղից հողատարածք կհատկացվի դպրոցի կառուցման համար: Նա նաև այս հարցում լիազորեց փոխնախագահին, որպեսզի մենք ցանկացած պահի կարողանանք նրա հետ կապվել: Մեր հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ, և նա շնորհակալություն հայտնեց մեր նախագահին՝ հաճախ նրան անվանելով իր «եղբայրը»»:
ԱԼԻԵՎ. «ԱՌԱՆՑ ԵՂԲՈՐՍ ՉԵՄ ԳՆԱԼՈՒ»
Նշելով, որ Բաքվի և Շուշիի միջև նոր ճանապարհ է կառուցվում, Գյունայդինն ասել է. «Որքան տեսնում եմ, շինարարական աշխատանքները շատ արագ են ընթանում, և ճանապարհի բացումը նախատեսվում է մինչև գարուն: Նա մեզ հայտնեց, որ Շուշի չի գնա առանց իր եղբայրների և որ մենք միասին ենք գնալու: Պարոն Դևլեթը նույնպես ցանկացավ գալ և ասաց, որ հիմնաքարը պետք է այդ ժամանակ դրվի: Դպրոցի հիմքը կդրվի նախապատրաստական աշխատանքների ամփոփումից և ճանապարհի բացումից հետո՝ մեր երկու երկրների նախագահների և Դևլեթ բեյի մասնակցությամբ: Դա ուրախ, գեղեցիկ և հաճելի զրույց էր: Մենք տոնեցինք նրա հաղթանակը և նրա երախտագիտությունը հայտնեցինք մեր ժողովրդին ՝ որպես թուրք ազգ, ինչպես նաև մեր նախագահին և առաջնորդ Բահչելիին»:
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԾԱՂԻԿ ՀԱՐԻ ԲՅՈՒԼԲՅՈՒԼԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԻՎ
Ասելով, որ վերադառնալուն պես հանձնախումբը հանդիպել են Դևլեթ Բահչելիին ավելի քան մեկ ժամ, Գյունայդինը հայտարարել է, որ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են: Նա նաև ներկայացրել է նախագծի մանրամասները հետևյալ կերպ.
«Դպրոցի հիմնական մուտքը զարդարված կլինի օսմանյան և սելջուկյան մոտիվներով: Երկու կողմերում էլ կլինեն սալիկապատ տաղավարներ, որոնց շերտերի համար կօգտագործվեն քարի հիմքով նյութեր: Շուշիում մի շատ կարևոր ծաղիկ կա, որը թռչուն է հիշեցնում և որը կոչվում է հարի բյուլբյուլ: Այն ծաղկում է գարնանը և աշնանը: Ադրբեջանի ժողովուրդը դա անվանում է «ազատության ծաղիկ»: Փաստորեն, Շուշին համարվում էր որպես «հաղթանակի ծաղիկ»: Նույնքան կարևոր ծաղիկ, որքան դրոշը: Մենք այս ծաղիկը որոշել ենք դնել դպրոցի ճակատամասին: Ի վերջո, թուրք ազգը հետ է վերցրել իր տված հողերը: Թուրք ազգը մի օր կդառնա աշխարհի ջենտլմենը: Ադրբեջանը մեր եղբայրն է, և նրանք կքայլեն մեզ հետ: Այստեղ աշխարհը պատված է ձիթենու ճյուղերով, որոնց միջից երևում են տղամարդիկ:
Ձիթենու ճյուղը բոլորում է հետ վերցված հողը. անհրաժեշտության դեպքում թե՛ ձիթենու ճյուղը և թե՛ հարի բյուլբյուլը խաղաղություն են խորհրդանշում, բայց դրանք նաև հաղթում են պատերազմում: Մյուս կողմից, երբ 4 մետր բարձրությամբ դռները աջից և ձախից 150 սմ, այսինքն՝ 3 մետր լայնությամբ բացվում է, ապա դրանք խորհրդանշում են օսմանցիների և սելջուկների մեծ դարպասները՝ արտահայտելով ազգի մեծությունն ու ապագան»:
ԳԱԳԱԹԻՆ ԾԱԾԱՆՎԵԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԴՐՈՇ
Նշելով, որ Թուրքիայի ազգային ճարտարապետության մեջ, ինչպես օրինակ Սաֆրանբոլ և Դիվրիղի քաղաքներում, համամասնական մոդուլյացիան օգտագործվում է պատուհաններում՝ Գյունայդինն ավելացրել է, որ այդ շրջանից բերված քարեր են օգտագործվելու է աջ և ձախ կամարակապ պատշգամբներում: Բացատրելով, որ երկու կողմերում տեղադրված և արհեստանոցներ ընդգրկող տաղավարները միացված են լինելու 4 մետրանոց կոնսոլով՝ Գյունայդինը հավելեց, որ դպրոցի գագաթին կողք կողքի կտեղադրվեն Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները`օգտագործելով գրեթե 30 տոննա բրոնզ: Գյունայդինն ասաց, որ ներքին տարածքները, այն է՝ դասասենյակները, ուսուցիչների սենյակները և սեմինարների համար նախատեսված սենյակները նույնպես նախագծված կլինեն շատ հարմարավետ և իրենց գործառույթին համահունչ, ինչպես նաև՝ ինտեգրված ճարտարապետության հետ:
Թարգմանությունը՝ Աննա Մխիթարյանի