Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին ասաց՝ այդ մարդը հետեւողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը։
ՀՀԿ խոսնակի ներկայացմամբ․ «Գլխավոր կապիտուլյանտը եւ իր հարցազրույցը ոչ թե քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ տվեց, այլ զավեշտական անհեթեթության առիթ։ Թե Հայաստանում բարձրաստիճան զինվորականներ եւ հասարակության ու քաղաքական մտքի ներկայացուցիչներ, թե սովորական քաղաքացիներ, թե մեր դաշնակից Ռուսաստանում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ ժողովրդական խոսքով՝ զարմացած էին ու ձեռ էին առնում գլխավոր հողատուի երեկվա մտքի անհաջող գոհարները։ Եթե նրա մտքերը պատահականության արդյունք են կամ չիմացության, ես այդ կարծիքին չեմ»։
Պարոն Շարմազանովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն գնում է մի գծով՝ թուլացնել Հայաստանի անվտանգությունը, վատթարացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչը եւ անում է․ «Իսկ այն, թե «Իսկանդերը» 80-ականների զենք է, բնականաբար, դա իր պարզ չիմացության ու անգրագիտության արդյունք է, որովհետեւ «Իսկանդերը» 21-րդ դարի զենք է, որը միայն հայկական եւ ռուսական բանակներն ունեն»։
ՀՀԿ խոսնակն ասաց, որ վարչապետի այդ հայտարարությունը շատ վատ հետեւանքներ կթողնի հայ-ռուսական հարաբերությունների վրա եւ սա այն գործի շարունակությունն է, որ նա դեռ սկիզբ է դրել Խաչատուրովի վրա քրեական գործ հարուցելով․« Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա շինծու քրեական գործ հարուցեց՝ առանց իր ռուս դաշնակցին տեղեկացնելու, արհամարհելով, դրանով արդեն իսկ հարված հասցնելով Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական հեղինակությանը, այսօր էլ արդեն երկրորդ հարվածն է հասցնում ռուսական ռազմական զինուժի անսարք լինելու վերաբերյալ։ Մենք տեսանք արդեն ակնհայտ խիստ ապտակներ արդեն ստացավ Ռուսաստանի պետդումայից եւ իշխող քաղաքական ուժից հողատու կապիտուլյանտը։ Բայց կարծում եմ՝ ռուսները դժվար թե սրանով բավարարվեն։ Սա ռուսական ապտակ էր»։
Կարդացեք նաև
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի քաղաքականության արդյունքում հայկական բանակը կազմալուծվել է, եւ Արցախյան երկրորդ պատերազմում, եթե չլիներ Ռուսաստանն ու ռուս խաղաղապահները, ռուսական քաղաքական ղեկավարության ճնշումն ու որոշումը եթե չլինեին՝ մենք կկորցնեինք ոչ միայն Շուշին, այլեւ ամբողջ Արցախը ու այսօր այնտեղ կլիներ ալիեւյան, ադրբեջանական դրոշը․ «Սա պետք է հեռանա, սա ոչ անվտանգության, ոչ տնտեսության, ոչ սոցիալական հարցերի հետ կապ ունի՝ ջարդ ու փշուր է արել ամեն ինչ։ Իսկ իր այդ փորձերը պատասխանել Սերժ Սարգսյանին, այ ողորմելի, Սերժ Սարգսյանը Հեյդար ու Իլհամ Ալիեւին է հաղթել, դու վախենում ես Սերժ Սարգսյանն ում, որ հաղթել է՝ պատասխանես, Ալիեւին հաղթողին ես փորձում պատասխանես, ողորմելի փորձեր էին։ Էդքան դուխով եք, երեք տարվա մեջ Ալիեւին մի հատ թթու խոսք ասեիք։ Դուք հազիվ սեփական ժողովրդի վրա կրակելու գնահատականներ տաք, ասֆալտին փռելու գնահատականներ տաք։ Չի անցնելու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ