Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումների դեմ փաստաբանների բողոքը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, փաստաբանները ՀՔԾ էին ՝ դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում արված մի շարք հայտարարությունների առնչությամբ:
Մեր զրուցակիցն ասաց, որ դատական ակտին դեռեւս չեն ծանոթացել եւ առայժմ ձեռնպահ կմնան գնահատականներ հնչեցնելուց: Իրենց հետագա գործողությունները նույնպես կորոշեն դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո:
Հովհաննես Խուդոյանն ասաց, որ վստահ էին, որ պետք է բավարարվեր իրենց դիմումը, քանի որ դատախազն ու քննիչը մի մասով հղում էին անում, թե նախկինում նման որոշումներ առկա էին եւ կան կայացված որոշումներ: Իսկ փաստաբանները գտնում էին, որ թեեւ ընդհանրություններ կան, իրենց ներկայացրած հաղորդումը նաեւ այլ դրույթներ է պարունակում: Իսկ համընկնումների մասով, արդեն կայացված որոշումները փաստաբանները պատճառաբանված չեն համարում:
Կարդացեք նաև
«Առնվազն տարբերվող մասով պետք է հարուցված լիներ քրեական գործ, պահանջում ենք դատարանն իր որոշմամբ հաստատի այս հանգամանքը»,- մանրամասնեց Խուդոյանը՝ ավելացելով, որ խոսքը վերաբերում է հատկապես դատավորների նկատմամբ զրպարտչական ու վիրավորական հայտարարություններին, որոնք արել է Նիկոլ Փաշինյանը։
Հովհաննես Խուդոյանն ասաց նաեւ, որի իրենք կբողոքարկեն քննիչի ու դատախազի կողմից դատարանին ներկայացված այդ որոշումները: Դրանցից մեկը, որը վերաբերում է մայիսի 20-ին դատարանների դռները փակելուն, արդեն բողոքարկվում է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ