Արդեն մի քանի օր է՝ Դիլիջանում առատ ձյան հետևանքով վարորդների համար անանցանելի փողոցներ են մնացել:
Չմաքրված փողոցներում առաջացած մերկասառույցի հետևանքով մի շարք վթարներ են տեղի ունեցել, իսկ վարորդներն էլ պնդում են, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ձյուն մաքրող մեքենաները չեն աշխատում:
Տաքսու վարորդներից ոմանք մեզ հետ զրույցում պնդեցին, որ այս ընթացքում բարդություններ են առաջացել նաև իրենց աշխատանքը կատարելու հարցում, քանի որ Դիլիջանում գտնվող մի շարք փողոցներում վարելն անհնար է:
Իրենց ինքնությունը նշել չցանկացող վարորդների պնդմամբ՝ Դիլիջանում փողոցների մաքրման աշխատանքները երբեք պատշաճ մակարդակով չեն կազմակերպվել:
Կարդացեք նաև
Մեր զրույցում Դիլիջանի փոխքաղաքապետ Արա Մարտիրոսյանը պնդեց, որ խնդիրը կապված է համայնքում ոչ բավարար մեքենաների ռեսուրսներ ունենալու հետ.
«Մենք ընդամենն ունենք 3 ձյուն մաքրող մեքենա, որը սպասարկում է Դիլիջանը և 6 գյուղեր, որոնց ճանապարհների ներքին ցանցը 120 կիլոմետր է»:
Փոխքաղաքապետի համոզմամբ՝ համայնքապետարանը ունի ձյուն մաքրող մեքենաների համալրման պակաս, սակայն նման նախագծի հեռանկարի վերաբերյալ ոչ մի հստակ տեղեկություն չկա. «Նոր համայնքի ղեկավար կլինի միգուցե այդ ժամանակ դա նրանց մոտ առաջնային լինի և առաջարկ ներկայացվի»:
Նշենք, որ Դիլիջանի համայնքապետի ընտրությունները նախատեսվում են անցկացվել այս տարի, սակայն ընտրությունների անցկացման հստակ ժամանակացույց դեռ հայտնի չէ: Ընտրությունները պետք է անցկացվեն արտակարգ դրության ավարտից ոչ ուշ քան 65 օրվա ընթացքում:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ