ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հայտարարությունը
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միություններն իրենց ամբողջ ներուժով լծվել էին Արցախի Հանրապետության պաշտպանության եւ օժանդակության սուրբ գործին :
Մարտական գործողություններին մասնակցությամբ, արտաքին հարաբերություններում, տեղեկատվական-քարոզչական, մարդասիրական աշխատանքներով՝ դաշնակցական երիտասարդները բուռն պայքար մղեցին՝ պաշտպանելու Արցախը եւ արցախահայությունը: Այդ նվիրական նպատակի համար նրանցից շատերը զոհեցին իրենց կյանքը: Փա՛ռք բոլոր անմահացածներին :
Այսօր, նույն նվիրումով, աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միություններն լծված են Արցախի վերականգնմանն ու պատերազմի հետեւանքների վերացմանը:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնած տարաբնույթ ծրագրերը համակարգելու եւ իրականացնելու նպատակով գրասենյակը ժամանակավորապես տեղափոխվել է Ստեփանակերտ:
Նախաձեռնությունների հիմնական ուղղություններն են՝
– Երիտասարդական մասնագիտական դասընթացներ-Արցախի երիտասարդության կարողությունների եւ հմտությունների զարգացման նպատակով Արցախի հեռանկարային անհրաժեշտ ոլորտներին նվիրված դասընթացների կազմակերպում :
– Ծրագրերում կամավորականների ներդրում-Կամավորական աշխատանքներով Արցախի տարբեր հաստատությունների համար ՀՅԴ երիտասարդների մասնագիտական ներուժի տրամադրում:
– Պատանեկան շրջանակ-Դաստիարակչական-ժամանցային բնույթի տարբեր միջոցառումների կազմակերպում, Արցախի պատանիների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներ:
– Մարդասիրական օժանդակություն-Տեղահանված ընտանիքների եւ նահատակված, վիրավորված, հաշմանդամ դարձած զինվորների եւ նրանց ընտանիքներին բարեսիրական եւ նյութական օժանդակությունների տրամադրում :
ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունները մնում են հավատարիմ ստանձնած հանձնառությանը՝ Արցախյան գոյամարտը հասցնելու իր հաղթական ավարտին եւ վերականգնելու Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Արցախահայ երիտասարդը պետք է ապրի եւ ստեղծագործի իր հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում:
Կոչ ենք անում համայն հայ երիտասարդությանը՝ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների միջոցով մասնակից լինել այս ծրագրերին եւ բոլոր կարողություններով կանգնել Արցախի եւ արցախցու կողքին՝ հետպատերազմյան ծանր իրավիճակը միասնաբար դիմագրավելու եւ դժվարությունները հաղթահարելու նպատակով:
Արցախը հայ երիտասարդության անխոնջ պայքարի կիզակետն է եւ պետք է մնա:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ