«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը մտահոգիչ տպավորություններով է վերադարձել Արցախից, որոնց մասին այսօր խոսել է լրատվամիջոցների հետ:
«Ցավոք սրտի, Արցախում կա մեծագույն անորոշություն, թե ինչ է լինելու ապագայի հետ կապված, ինչ ուղղությամբ են զարգանալու հատկապես անվտանգության եւ տնտեսական հարցերը: Հադրութցիների, շուշեցիների համար կան վարձակալության պայմանագրեր, սակայն գումարները չեն փոխանցվում»,- ասաց Թեւան Պողոսյանը եւ շարունակեց. «Բացակայում է մեծագույն հարցի պատասխանը, թե Հայաստանը ի՞նչ է իրենց մասին մտածում: Օրինակ, Արցախյան շարժման՝ «Վերածննդի օրը», որը նշվում է փետրվարի 20-ին, Արցախում տեղի ունեցան միջոցառումներ, իսկ մեր մոտ եղել են ընդամենը մի քանի հայտարարություններ, որոնք մեծ հարցականներ են առաջացրել առ այն, թե Հայաստանը պահպանելո՞ւ է նույն ցանկությունը: Արցախում անընդհատ միացում, միացում են ասում, միասնականության մասին են խոսում, բայց այստեղից մի տեսակ ասում են, դեհ, մենք ձեր հետ ենք: Սակայն ինչ գործողություններ են արվում, մի տեսակ չի ասվում: Գուցե, չեն կարողանում, չեն հասկանում, թե ինչ ուղղություն պետք է որդեգրվի, բայց կա խնդիր, որ ձեւավորում է պատկերացում: Այն տեսնելով՝ արցախցիները հարց են տալիս. «Հիմա Հայաստանը ձեռքերը լվացե՞լ է մեզանից, մենք մեզանո՞վ ենք»:
Այս զգացողությունն ունենալով՝ արցախցիները սկսում են հասկանալ, որ իրենք իրենց ամեն ինչը պետք է կապեն, գուցե, խաղաղապահ ուժերի եւ Ռուսաստանի հետ: Այնպես որ, չզարմանաք, եթե ապագայում շատ ու շատ ավելի նախաձեռնություններ տեսնեք ինչպես ռուսաց լեզվի հետ, այնպես էլ Ռուսաստանի հետ մերձեցման, քանի որ մարդիկ ինչ-որ ձեւով պետք է ապահովեն անվտանգության զգացումի պահանջը:
Անվտանգությանն առնչվող մեծ հարց կա նաեւ ՊԲ փոփոխությունների հետ: Շատերն ասում են բարեփոխում, թեեւ ես չգիտեմ, թե ինչ է լինելու եւ դա բարի է լինելու, թե ոչ: Շատ մեծ ցավ է առաջացնում, երբ Հայաստանից լսում են, թե այստեղ ասում են՝ շատ ուրախ են, որ այստեղից զորակոչայինները էլ չեն գնալու Արցախ: Բայց մյուս կողմից կարելի է զարմանալ, որ Արցախում այսօր համեմատական իմաստով ավելի հանգիստ ու անվտանգ է, քան Հայաստանում է Սյունիքի սահմաններին, կամ այլ վայրերում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ