Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը ոչ պետք է ցույցը ճնշի, ոչ էլ պետք է դեկորացիա լինի». Դանիել Իոաննիսյանը`երեկվա իրադարձությունների մասին

Փետրվար 24,2021 19:33

«Երեկ երկու հետաքրքիր դեպք եղավ. ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվեց առավոտյան, և երկրորդը, երբ ցուցարարները հարձակվեցին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի վրա, իսկ ոստիկանությունը չկարողացավ դա կանխել: Ոստիկանությունը ոչ պետք է ցույցը ճնշի, ոչ էլ պետք է դեկորացիա լինի: Հավաքների վայրում ոստիկանությունը նրա համար է, որպեսզի պահի օրինականությունը: Ոստիկանությունը չկարողացավ երեկ պահի օրինականությունը եւ ավելին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա հարձակված անձանց, ովքեր ուղղակի ֆիզիկական բռնություն էին կիրառում լրագրողի նկատմամբ, ոստիկանությունը պիտի միանգամից բերման ենթարկեր, քանի որ իր աչքի առաջ քրեական հանցագործություն էր կատարվում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Ոստիկանության բարեփոխումները, որոնք ոչինչ չեն փոխել» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը`համարելով, որ այս առումով լրջագույն խնդիրներ կան, իսկ հանրության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ ձեւավորվում է ոստիկանության գործողություններով: Այս համատեքստում, նրա կարծիքով, քրեական ենթամշակույթի վերաբերյալ ընդունված օրենքների ազդեցությունը շատ սահմանափակ է լինելու, քանի դեռ հանրությունը չի վստահում ոստիկանությանը: Ի դեպ, ոստիկանությունը առաջին օղակն է, դրան պետք է հետեւեն մյուս իրավապահ մարմինները:

Անդրադառնալով նրան, որ միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանը ժողովրդավարության սանդղակում վատթարացրել է իր դիրքեր, ինչը շատ քննարկվեց հայաստանյան մամուլում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ ընդհանուր միտումն այդպիսին է եւ դա պայմանավորված է, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նահանջով, թե սահմանային գոտիներում լրատվամիջոցների գործունեության մասով ԱԱԾ-ի ներկայացրած սահմանափակումներով: Բանախոսին չեն ուրախացնում նաեւ իշխանության կողմից նախաձեռնած «զրպարտության օրենսդրության» փոփոխությունները:

Ըստ Սաքունցի, այս ամենում հետաքրքիրն այն է, որ առաջին անգամ Հայաստանում «կառավարության դեմ հանդես եկող քաղաքական ուժերն իրենց արժեքային հիմքով հակաժողովրդավարական են», նաեւ կոչեր էին անում փակել այս կամ այն հասարակական միավորումները  կամ «արժեքային հիմքով այնպիսին են, որ ավելի լավ է կոռուպցիոն, քան ժողովրդավարական կառավարումը», բավական լուրջ խնդիր է ստեղծում այն առումով, որ իշխանությունը հետեւողականություն չդրսեւորեց իրավունքի գերակայության սկզբունքից բարեփոխումներ իրականացնելու, արդյունքում, այժմ «հակաժողովրդավարական» ուժերի դեմ օգտագործում է միջոցներ, որոնք իրենց բնույթով նույնպես հակաիրավական են կամ ոչ իրավաչափ:

«Հեղափոխությունից հետո, ամիսներ շարունակ, երբ մենք՝ հասարակական կազմակերպություններս, այս քաղաքական ուժերի կողմից թիրախավորվում էինք որպես սորոսականներ, ազգի թշնամիներ եւ այլն, պետական մարմինները բացարձակ անգործության էին մատնված: Իսկ հիմա, երբ բանը հասել է իրենց, մտածում են զրպարտությունից պաշտպանվելու մասին: Բա ձեր քաղաքացիների մի մասի նկատմամբ ամիսներ շարունակ զրպարտանքը չէ՞ր մտահոգում: Բայց մենք չենք գտնում, որ զրպարտության կամ քննադատության խոսքը պետք է նման հակաիրավական մեթոդներով կանխվի»,- ասաց նա` հավելելով, որ ունենք իրավիճակ, որը անընդհատ լցվում է ատելության խոսքով եւ դա պետք է կանխվի, բայց հնարավոր չէ մի ձեռքով լինել իրավական, մյուսով` հակաիրավական:

Նա նաեւ նկատեց, որ «Բաց հասարակության հիմնադրամների»-ի դեմ գործունեություն ծավալած անձանց քրեական գործերը «կանգնած են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728