Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իբր պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համակարգերն արդյունավետ չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:
«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս կծու ժողովրդական ասացվածքը լավագույն կերպով բնութագրում է Հայաստանի վարչապետի հայտարարությունը վերջին պատերազմում «Իսկանդերի» օգտագործման և դրա «մաշվածության» վերաբերյալ: Մարդիկ, որոնք ավելի լավ են գլուխ հանում պատերազմի և խաղաղության հարցերից, գիտեն, որ դա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է, 21-րդ դարի զենքը: «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր բնութագրիչները Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ժամանակ»,- ասել է Սաբլինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ