Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ «Պարզ երեւում էր դավաճանությունը, դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել, ապրի էն ժողովուրդը, որ մտավ էդ շենքերը»

Փետրվար 24,2021 19:15

«Հայ-ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են։ Ես կարծում եմ՝ այս տղան, եթե մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն Ռուսաստանի, այլ աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք»,-այսօր այս մասին «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի անվան հետ մեկտեղ նշված է եղել նրա ադրբեջանական անվանումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա եւ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի․« Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։ Այսօր ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է կեղծիքի մեջ եւ նշել՝ «Իսկանդերը» ամենաբարձր ճշգրտության զենքն է, այն արդեն բազմիցս դրսեւորվել է տարբեր զորավարժություններում: Դա բացարձակ սուտ է եւ որեւէ կասկածի ենթակա չէ»։

Այս առնչությամբ Վազգեն Մանուկյանն ասաց․«Մարդը կամ պետք է «իդիոտ» լինի, կամ իսկապես թշնամի, որովհետեւ ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ինքն այդ զենքից ոչ մի բան չի հասկանում։ Ես չեմ իմանում նույնիսկ՝ ինքը դա դիտավորյալ արեց հենց Ռուսաստանի դեմ ուղղված, թե՞ ուղղակի իր սովորական էն ձեւն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր, հետո երեւի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի գնած զենքը վատն է։ Այդպիսի մարդ է, նո՞ր եք ճանաչում»։

Պարոն Մանուկյանն ասաց, որ 2,5 տարի ինքը, Դավիթ Շահնազարյանը եւ շատ ուրիշներ ասում են՝ սա օտարի ծրագիր է, եւ նա հետեւողականորեն այդ օտարի ծրագիրը կատարում է․ «Դուք ինչո՞ւ եք զարմանում, չեմ հասկանում։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում՝ որ ինքը դարձավ վարչապետ, եւ զարմանում եմ, որ մինչեւ հիմա իրեն չեն քշել»։

Լրագրողի այն դիտարկմանը, ու Փաշինյանը երեկ նաեւ ասել է, նոյեմբերի 9-ի գիշերը քաղաքացիները մտել են կառավարության շենք, որպեսզի Արցախի հետ կապված փաստաթղթեր ոչնչացնեն, պարոն Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Մենք ինչ վիճակի հասանք, որ նման իդիոտիզմի մասին պետք է խոսենք, ոչ մի տրամաբանություն դրա մեջ չկա։ Ես չեմ իմանում՝ մեր ժողովրդի մեջ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են, եթե կան մարդիկ, որ այդպիսի բաներին հավատում են՝ երեւի իրենց շտապ պետք է հոգեբույժի մոտ գնալ»։

Նա նշեց, որ ամսի 9-ի գիշերը տեղի ունեցածը շատ բնական էր․ «Ու ապրի մեր ժողովուրդը, որ ոտի կանգնեց։ Ես մեղավորություն եմ տեսնում ե՛ւ իմ, ե՛ւ քաղաքական գործիչների, որ չեկանք, տեր չկանգնեցինք դրան, այդ երկու օրում կարելի է իրեն քշել ու վերջացնել այդ ամեն ինչը։ Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում պախկվել, որովհետեւ նույնիսկ ինքն էր հասկանում, թե ինչ պոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»։ Հարցին՝ բայց նորմա՞լ էր մտնել կառավարության եւ ԱԺ շենք, պարոն Մանուկյանը պատասխանեց․ «Նորմալ էր, նորմալ էր, նորմալ էր։ Եթե դու տանում ես քո հազարավոր երիտասարդներին կրակի տակ ես գցում, ոչնչացնում ես ու պատերազմի կեսերից․․․ ես դեռ պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ կոչ էի անում, որ զինվորականները վերցնեն իշխանությունը, պարզ երեւում էր դավաճանությունը։ Դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել, ապրի էն ժողովուրդը, որ մտավ էդ շենքերը»։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ պատերազմի օրերին ինքը նպատակահարմար է գտել, որ իշխանությունը հանձնվի զինվորականությանը, ընդ որում, կառավարություն դա կամավոր աներ, ոչ թե զինվորականների ուժի ճնշման տակ, որովհետեւ, ինչպես պարոն Մանուկյանն ասաց, այդ ժամանակ հնարավոր էր իրավիճակը փրկել․ «Հիմա մենք նոր իրավիճակում ենք։ Ես կարծում եմ՝ հիմա ԳՇ պետը, պաշտպանության նախարարությունը պարտավոր են գրել ճշմարտությունը եւ հերքել «Իսկանդերի» մասին այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը»։

Վազգեն Մանուկյանի ներկայացմամբ՝ «Իսկանդերի» մասին վարչապետի հայտարարությունից հետո ՌԴ-ն չի սահմանափակվի միայն Պետդումայի այդ կոշտ հայտարարությամբ․ «Դուք անընդհատ ուզում եք վիրավորել որեւիցե երկրի՝ լինի Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ի՞նչ եք մտածում՝ այդ ժողովրդի, պետության արժանապատվությունը վիրավորե՞ք ու պատասխան չստանա՞ք։ Սա ամենամեղմ պատասխանն էր, որը կարող էր լինել»։

Լրագրողներից մեկի հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ձգտում է ապակայունացնել ներքին իրավիճակը, որը կարող է բերել նաեւ արտաքին ռիսկերի, արդյոք նա տեսնում է այդ ռիսկերը, եթե Հայաստանում դեպքերը զարգանան շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի նշած պլան Բ-ով, վերջինս պատասխանեց․ «Ընդհակառակը, իր ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, որովհետեւ այդ գայթակղությունը, որ դեմները մի հատ պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի եւ փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը, դա միշտ պատերազմի գայթակղություն է առաջացնում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728