Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ոստիկանության բարեփոխումներն առաջ են գնում». Դանիել Իոաննիսյան

Փետրվար 24,2021 18:55

«Հեղափոխությունը եղել է, այն կատարել է ՀՀ քաղաքացին: Այլ հարց է, թե այդ հեղափոխության օրակարգն ինչքանով է իրականացվել նոր իշխանության կողմից»,- այսօր, «Մեդիա կենտրոնում» կայացած`«Ոստիկանության բարեփոխումները, որոնք ոչինչ չեն փոխել» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն`անդրադառնալով վերջին շրջանում առավել ինտենսիվ դարձած խոսակցություններին, որոնք կասկածի տակ են դնում 2018-ի գործընթացները, որոնք թավշյա հեղափոխություն անվանումը ստացան: Տարածվող խոսակցություններով, ըստ նրա, փորձ է արվում ՀՀ հանրության ձգտումները`սոցիալական արդարության հասնելու համար, զրոյացնել:

Արթուր Սաքունցի գնահատմամբ այն, որ այսօր ոստիկանության կողմից տեսնում ենք ուժի անհամաչափ կիրառում, ինչի արդյունքում մարդիկ վնասվածքներ են ստանում եվ ոստիկանության գործելաոճը շատ նման է մինչհեղափոխական ոստիկանության գործելաոճին, իհարկե, բավական մեծ չափով ստվերում է փոփոխությունների նկատմամբ վստահությունը:

Ինչ վերաբերվում է բարեփոխումներին, համակարգի ներսում ցուցաբերվող դիմադրությանը, բանախոսը բնական է համարում, քանի որ պարեկապահակային նոր ծառայության պահանջներով, օրինակ, որոշակի չափանիշներ են պահանջվում, ինչին շատերը չեն համապատասխանում ու արդյունքում դուրս են մնալու աշխատանքից, մինչդեռ, նրանք սովորել են բարեկեցիկ ապրել: Ոստիկանության բարեփոխումների մասով նա հաջողված օրինակ է Վրաստանի օրինակը, որը հիմնված էր բարեվարքության սկզբունքի վրա: Նաեւ այն, որ Հայաստանում իրապես բացակայում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, Արթուր Սաքունցը մտավախություն ունի, որ «բարեփոխումների» արդյունքում պարզապես կունենանք այլ անունով կառույց: Նա նկատեց, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում էլ են արձանագրվել ոստիկանության վարքի խնդիրներ. «Ասել, որ «կատարում ենք բարեփոխումներ», բայց խնդիրներ ունենալ ոստիկանության վարքագծի հետ՝ այս հակասությունը, այս տրամաբանորեն հակառակ լինելը պիտի լուծվի»: Բայց այս հարցերը, ըստ նրա, նաեւ քաղաքական ղեկավարությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի:

Քննարկման բանախոս, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ էլ, Հայաստանում ոստիկանության բարեփոխումներն առաջ են գնում, «իհարկե, չեմ կարող ասել, որ առանց թերությունների»: Դրանք, ըստ նրա, ընթանում են տարբեր մակարդակներում լրջագույն թերություններով և լրջագույն խնդիրներով, բայց, ամեն դեպքում, դրանք ընթանում են. «Եվ դրանք հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ ու ծավալուն բարեփոխումն են: Արդյունքում, մենք ունենալու ենք բովանդակապես նոր համակարգ: Բայց որպեսզի տեսնենք մեծ էֆեկտ, բարեփոխումները չպետք է էպիզոդիկ արվեն, պետք է փոխվի քրեական արդարադատության ողջ համակարգը՝ քննչական, դատախազական, դատական մարմինները: Սակայն, կա խնդիր բարեփոխումների թափանցիկության և դիմադրության մասով: Ոստիկանության միջին, բարձր սպաների մի զգալի հատված ակնհայտ դիմադրություն է ցույց տալիս: Նրանք ջանք չեն խնայում, որպեսզի բարեփոխումը չստացվի: Անկեղծ ասած, ես զարմացած չեմ, որ դիմադրություն կա, այնպես ինչպես զարմացած չեմ, որ դատական համակարգում կոռուպցիոն դիմադրություն կա: Ես զարմացած եմ, որովհետև այս դիմադրության նկատմամբ շատ ավելի կոշտ ու ռադիկալ վերաբերմունք պիտի լիներ»:

Ոստիկանության ներկայիս կառուցվածքը, Դանիել Իոաննիսյանը նորմալ չի համարում, քանի որ ոստիկանապետը միաժամանակ հրամանատար և քաղաքականության մշակող մարմին է. «Ոչ մի ուրիշ մարմնում, օրինակ՝ զինված ուժերում, մենք նման բան չունենք: Ոստիկանապետը՝ ոստիկանության հրամանատարը, պիտի անկախ լինի ոստիկանության նախարարից: Կարծում եմ բարեփոխումների դիմադրությունը կճնշվի, երբ ստեղծվի Ներքին գործերի նախարարությունը»:

Նրա գնահատմամբ, մենք՝ որպես կայացած պետականություն, դեռ չենք հասել այն մակարդակին, որ օրվա իշխանության քաղաքական կամքի գործոնը փոքր լինի, իսկ քաղաքական կամքից, շատ բան է կախված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728